Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 9-ին, արտահերթ նիստում մերժել է «Կոնգրես-ՀԺԿ» դիմումը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։

Դաշինքի լիազոր ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ԿԸՀ նիստում ներկայացրել է իրենց բողոքարկման հիմքերը։ Նրա խոսքով, բազմաթիվ խախտումներ են գրանցվել իրենց կողմից։ Մասնավորապես, նա նշել է, թե հազարավոր մարդիկ գրանցվել են գոյություն չունեցող հասցեներում։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Տիգրան Եգորյանին խնդրեց մի քանի հասցե նշել, քանի որ ոչ իր խոսքում, ոչ էլ դիմումում որեւէ նման փաստ արձանագրված չկա։ «Այդ բոլոր հասցեները չենք ներկայացրել դիմումի մեջ, քանի որ այդ հասցեները դուրս են բերվել ոստիկանության կողմից պաշտոնապես հրապարակված ընտրողների ցուցակներից։ Դրանց ստուգումը հնարավոր է եւ իրատեսական՝ հասարակ համադրություն իրականացնելով»,- ասել է Եգորյանը։

«Դուք կարող եք հրապարակել մեր հասցեն եւ ասել, թե դա հորինյալ հասցե է։ Ձեր դիմումում մեկ փաստ կա արձանագրված, թե եկել է մի ընտրող, ասել, որ իրենց շենքում 132 բնակարան է գրանցված, սակայն ինքը գրանցված է թիվ 135 բնակարանում։ Դուք պետք է ներկայացնենք, որ կա փաստ, որը այսպես չէ».- ասել է Մուկուչյանը եւ հավելել. «Դուք բան եք ասում, որի վերաբերյալ որեւէ փաստական հանգամանք չեք ներկայացնում»։

«Դուք ներկայացրել եք 121 էջանոց դիմում, որի մեջ մեկ հղում չկա՝ Ընտրական օրենսգրքի որեւէ հոդվածի խախտման»,- արձանագրել է Տիգրան Մուկուչյանը։ Վերջինս նաեւ անուններով, լուսանկարներով, փաստերով կետ առ կետ ժխտեց «Կոնգրես-ՀԺԿ»-ի դիմումում ներկայացված հանգամանքները։

ԿԸՀ նախագահը, հրապարակելով որոշումը, հայտարարեց, որ դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից, չկար որեւէ փաստական ապացույց:

Վեց կողմ եւ ոչ մի դեմ ձայներով ԿԸՀ-ն մերժեց դիմումը։