Երեկ համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ պարզ երևում էր. ավելի քան 20 հաստաբուն ծառ՝ կտրված էր:

Փաստն ինչպես բնապահպանների, այնպես էլ մտահոգ քաղաքացիների համար դարձավ բուռն քննարկումների և քննադատությունների առիթ. ի վերջո՝ ո՞վ է մեղավոր և ո՞վ պետք է պատասխանատվություն կրի կատարվածի համար: Քննադատություններին արագ արձագանքեց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, վերջինս կատարվածն ապօրինություն որակեց և տեղեկացրեց՝ այսօր առավոտյան դատախազություն է դիմելու:

Բաղդասարյանը նաև փոքրիկ տեղեկություն էր հաղորդել՝ ապօրինությունը հեղինակել է մասնավոր տնտեսվարողը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, սակայն Ոստիկանության լրատվական բաժնից շատ տեղեկություն չտվեցին, չասացին նաև, թե ինչ մասնավոր տնտեսվարողի մասին է խոսքը. «Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում հետաքննություն է ընթանում,  հանգամանքները պարզվում են»,- ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Մնում է միայն հուսալ, որ մեղավորներն իրոք կպատժվեն, չէ՞ որ քաղաքի համատարած շինարարության և օր օրի վեր խոյացող էլիտար շենքերի միջանցքներում ծառերը խիստ անհրաժեշտություն են, իսկ դրանց պահպանության և մշակման հարցը թաղապետարանները համակ ուշադրության կենտրոնում պետք է պահեն, իսկ նրանց յուրաքանչյուր վրիպումը խիստ դատապարտելի է:

Հ.Գ. Առկա քննադատություններն իսկապես տեղին են: Սա այն հանրային հարցն է, որտեղ կարող ենք մեղադրել անգամ այգում շրջող զույգերին, ինչո՞ւ կտրելիս չեն զանգահարել ոստիկանություն, 20 ծառ կտրելը 1-2 րոպեում կատարվելիք գործողություն չէ, ինչպե՞ս էր հնարավոր, որ ոչ ոք չբռներ այդ չարաբաստիկ ձեռքն ու չարգելեր, ահա այս հանրային անպատասխանատվության, անտարբերության մեջ է խնդիրը:

Սոնա Հարությունյան