Այսօր Ազգային ժողովում լրագրողները  խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե ում է ինքը տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում իրեն փոխարինող:

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ երբ բոլորը ստանան իրենց մանդատները, այդ ժամանակ էլ կքննարկվի հարցը: «Բոլորն էլ ինձ համար հավատարիմ մարդիկ են: Ովքեր էլ լինեն, մանավանդ նրանք, ովքեր ավելի վաղուց են եկել, եւ կան, կարծում եմ՝ հնարավոր է, որ Կարեն Կարապետյանը լինի, ինչու չէ»,-ասաց ԱԺ նախագահը՝ լրագրողներին խորհուրդ տալով իրեն չդիտարկել որպես ԱԺ նախագահ. «Ինձ մի՛ տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան: Չեմ սիրում այս մրցակցությունը, որ հայ ժողովրդի մեջ կա, բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ: Ցանկացած հայ, որը 3-րդ, 4-րդ կամ 5-րդ դասարան է գնացել, մի քիչ եթե խորանաք, բոլորը ուզում են թագավոր դառնալ եւ նախագահ»:

Գալուստ Սահակյանը խոսեց նաև խորհրդարանի աշխատանքների մասին՝ շեշտելով, որ դրանք գնալով ավելի պարզ  են դառնում.«Պատկերացրեք, թե՝ տասը տարի առաջ ինչքան քաղաքական ուժեր էին ոտքի կանգնել ու ուզում էին գային խորհրդարան, ինչքան դժվար էր, ինչքան պայքարն ուրիշ էր, ինչքան մոմենտներ կային, որ անհասկանալի էին եւ մեզ, այնպես որ՝ գնալով պայմանները բարելավվում են»: