Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարան է ներկայացրել 2016թ. տարեկան զեկույցը, որտեղ բավական ուշագրավ արձանագրումներ կան: Մասնավորապես, ՄԻՊ-ն իր զեկույցում անդրադարձել է բուհերի ուսխորհուրդների քաղաքականացվածության խնդրին՝ այն դիտելով կրթության իրավունքի իրացման սահմանափակումների համատեքստում:

«Տարիների ընթացքում որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդներ, դրանց անդամների գերակշռող մասի՝ որևէ քաղաքական կուսակցության անդամակցելու հանգամանքով պայմանավորված՝ ձեռք են բերել քաղաքական ուղղվածություն և խնդիրներ են ստեղծել ԲՈՒՀ-երում ակադեմիական ազատության պահպանմանը: Վերջիններս ուսխորհրդով իրենց վերապահված լիազորությունները հաճախ օգտագործում են ԲՈՒՀ-ում կուսակցական քարոզչության, կուսակցական շահերի պաշտպանության նպատակով»,- ասված է զեկույցում:

ՄԻՊ-ի այս զեկույցը շատ ավելի առարկայական կլիներ, եթե մատնանշվեին թե ԲՈՒՀ-երի ուսխորհուրդներում ո՞ր կուսակցություններն են իրենց քաղաքական հայացքները թելադրում: Չնայած՝ այս հարցի պատասխանն ակնհայտ է: Ինչ խոսք՝ ՀՀԿ-ն պատրաստակամ է՝ թույլ չտալ քաղաքականացնել մեր կրթության համակարգը, պարզապես բուհերի ռեկտորները, չնչին բացառությամբ, հանրապետական են:

Պարզապես ուսխորհուրդները, գիտխորհուրդները և ուսանողական մնացած խորհուրդները, չնչին բացառությամբ, հանրապետական են: Պարզապես դպրոցի տնօրենների մեծ մասը հանրապետական են և ընտրություններին ակտիվորեն ներգրավվում են՝ ձայն բերելու և երեխաներին քարոզարշավի տանելու սուրբ գործի մեջ: Փաստացի՝ Բուհերի ինքնավարությունը խախտվում է դե ֆակտո եւ դե յուրե՝ գործող ինստիտուտների շնորհիվ:

Ուսխորհուրդները չեն ծառայում իրենց նպատակին. նրանք պետք է ուսանողի շահերը պաշտպանեն, սակայն այսօր դրանք մի քանի հոգու անձնական խնդիրների եւ կարիերայի ձեւավորմանն են ծառայում: Եվ այս արատավոր երևույթներին մեր պետությունը արձագանքում է ընդամենը…տարեկան զեկույցի տեսքով:

Բոլոնյան գործընթացի շրջանակներում շատ փաստաթղթեր ենք ընդունել, բայց առայժմ դրանք ձեւական բնույթ են կրում, որովհետեւ մեզ կարծես թե պարտադրվեցին այդ բարեփոխումները, մենք չնախաձեռնեցինք դա: Բարեփոխումները ձեւական ճանապարհով են գնում եւ այդպիսի տպավորություն են թողնում, որովհետեւ մեր պատկան մարմինները իրենք չեն յուրացնում այդ բարեփոխման քաղաքականությունը եւ իրենք պատճաշ եւ ճիշտ չեն ներկայացնում:

Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, երբ հետընտրական զարգացումների ֆոնին իշխանությունների համար վտանգը մինիմալ է, հետևաբար, նրանք կարող են իրենց թույլ տալ նման սիմվոլիկ ժողովրդավարական քայլերի դիմել և առնվազն զեկույցի մակարդակով բարձրաձայնել նման սուր խնդիրների առկայության մասին: Սակայն ակհնայտ է, որ ավելիի համար քաղաքական կամք՝ այս պահին չկա: Այս խնդրի լուծումը կարծես թե մնալու է զեկույցների մակարդակում, որտեղ պրոբլեմը ձևակերպվում է, թեկուզ և այսչափ լղոզված կերպով և հանրության մոտ այն լուծելու պատրաստակամության իմիտացիա է ստեղծվում, ինչը, սակայն, պարզ և հասարակ բլեֆ է:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ