Հայաստանյան խորհրդարանական ընտրությունները մի չափազանց յուրատեսակ առանձնահատկությամբ ևս, անկասկած, աչքի ընկան. հետընտրական բուռն պրոցեսներ կարծես թե չեն նշմարվում, ու ամեն բան հանգիստ է, ամեն բան կանխատեսելի: Թե հատկապես ինչի հետ է սույն իրողությունը պայմանավորված, միգուցե շատերի համար դժվար է հասկանալը: Ակնհայտ է, սակայն, որ իշխանություններն այս անգամ կարողացել են ինչ-ինչ մեթոդներով ու միջոցներով ներազդել հասարակական տրամադրությունների վրա, ու հիմա, հակառակ անցյալի, կարծես ոչ ոք առանձնապես ցանկություն չունի՝ փողոցներ դուրս գալու, ընտրությունները բոյկոտելու կամ այլ արկածախնդրությունների դիմելու:

Ասել, թե ընտրությունների անցկացման որակը էականորեն տարբերվել է նախորդ քաղաքական ընտրությունների անցկացման որակից, սխալ կլիներ, քանի որ հայտնի փաստ է՝ այնքան փող ու ընտրակաշառք, որքան այս ընտրություններին է բաժանվել, չի բաժանվել գրեթե երբեք, ու գործ ենք ունեցել ոչ այլ ինչի հետ, եթե ոչ պարզ ձայնավաճառության: Հետևաբար՝ ցանկացած փորձ՝ ընտրությունները որակելու կատարյալ, որակելու արդար ու թափանցիկ ի սկզբանե անհիմն է ու մերկապարանոց:

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե հետընտրական պրոցեսների բացակայությունը վկայում է այն մասին, որ ընտրությունները անցել են նորմալ, ազատ, արդար թափանցիկ և Ընտրական օրենսգրքի կարգուկանոնին համապատասխան: Փաստորեն՝ ականատես ենք դառնում իշխանությունների կողմից հետընտրական բուռն պրոցեսների բացակայության հանգամանքը որպես ընտրությունների աննախադեպ որակի ու արդարության ապացույց մատուցելու փորձերին:

Ակնհայտ է, սակայն, որ փորձերն այդ իրականում չեն կարող պսակվել հաջողությամբ, քանի որ բոլորին էլ պարզ է, թե իրականում ինչի արդյունք է հետընտրական անցանկալի պրոցեսների բացակայությունը. դա ոչ թե հետևանք է այն բանի, որ Հայաստանը վերածվել է ասենք Շվեյցարիայի, ու մեզ հաջողվել է իրոք եվրոպական ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող ընտրություններ անցկացնել, այլ՝ որովհետև հասարակությունն է առավել գիտակից դարձել ու բացի այն, որ հրաշալիորեն հասկանում է՝ այսօր փողոցային պայքարի միջոցով որևիցե բանի հասնելն ուղղակի անհնարին է, գիտակցում է նաև, որ աններելի կլիներ Հայաստանի համար ճակատագրական այս շրջանում, երբ երկիրը գործնականում կանգնել է լինել-չլինելու խնդրի առջև ու ստիպված է բախվել արտաքին աննախադեպ խնդիրների, խժդժություններ հրահրել: Հայաստանին ներքին կայունություն է անհրաժեշտ, որի բացակայությունը կարող է կործանարար լինել պետականության համար:

Հետևաբար՝ հետընտրական պրոցեսների բացակայությունը բխում է բացառապես մեր ժողովրդի իմաստնությունից, այլ ոչ թե ընտրությունների անցկացման բարձր որակից. այստեղ երկու կարծիք լինել ուղղակի չի կարող, և իզուր են ոմանք փորձում ինքնահաստատվել այս իրողության վրա:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ