Փաստը, որ ընտրությունները հեռու էին իդեալական համարվելուց, դժվար թե գտնվի մեկն, ով կկարողանա կասկածի տակ առնել: Ճիշտ է՝ դրանք մի փոքր ստանդարտից դուրս էին՝ արդեն սովորականի վերածված հետընտրական ցույցերի բացակայության կամ ամբոխ գրգռելու տխրահռչակ ավանդույթների անվերապահ կիրառման իմաստներով (ի դեպ՝ շատերն են զարմանում այս իրողությունից՝ համարելով այն խիստ անսովոր Հայաստանի համար), սակայն անվիճելի է, որ այս ամենը բնավ էլ չի վկայում ընտրությունների իդեալականության մասին:

Արդեն հայտնի է, որ 6-րդ գումարման ԱԺ-ից դուրս մնացած ուժերից ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դիմել է ԿԸՀ և Սահմանադրական դատարան՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Ճիշտ է՝ չի կարելի ասել, թե ընտրությունների անցկացման արդյունքները կասկածի տակ դնելը խորթ է ընդդիմադիր այս ուժի կորիզը հանդիսացող միավորի գործելաոճին, սակայն անկասկած է նաև, որ նման քայլի գնալը չի կարող պայմանավորված լինել բացառապես ՀԱԿ-ՀԺԿ-ի ունեցած արդարության ծարավով, քանի որ իրենք էլ գիտեն՝ Սահմանադրական դատարանն ու ԿԸՀ-ն այն մարմինները չեն, որ կարող են եղանակ ստեղծել նմանատիպ հարցերում. այստեղ իրականում լավ ծրագրված շախմատային խաղ է գնում, որի տակ շատ կոնկրետ նպատակներ են թաքցված. ՀԱԿ-ը, փաստացի, վերածվում է պայքարող արտախորհրդարանական ուժի՝ հակառակ այն սպասումների, թե ընտրություններում պարտվելը հանգեցնելու էր այդ ուժի ապաակտիվացմանը: Այսպիսով՝ ընտրությունների ավարտը սկիզբ է դնում այս ուժի գործունեության նոր փուլի:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, ուր փորձել է ևս մեկ անգամ հստակեցնել սեփական դիրքորոշումը Հայաստանին հուզող ամենահրատապ որոշ հարցերի շուրջ: Հայտարարությունում խոսք է գնում ինչպես վերջին ընտրություների, այնպես էլ, ինչպես և պետք էր ակնկալել, արցախյան հարցի շուրջ: Եթե փորձենք հակիրճ վերլուծել առաջին նախագահի հայտարարության տողատակերն, ապա պետք է արձանագրենք, որ նա մի կողմից դաժան քննադատության է ենթարկում ընտրություններն՝ այն համարելով պարզ ֆալսիֆիկացիա, մյուս կողմից՝ կրկնում արցախյան հակամարտության վերաբերյալ իր հայտնի թեզերը՝ շեշտադրելով ստատուս-քվոյի պահպանման անհեռանկարայնությունն ու նույնիսկ դրա պահպանմանն ուղղված քաղաքականությունը որակելով՝ հանցավոր:

Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված ԱԺ-ից դուրս մնացած ուժերից հենց ՀԱԿ-ՀԺԿ-ի ակտիվությունն ու գոնե առերևույթ կերպով իշխանությունների տրամադրությունը փչացնելը: Երկու կարծիք լինել չի կարող՝ սա ինքնաբուխ պոռթկում չէ ու, ըստ էության, համաձայնեցված է նույն իշխանությունների հետ. նպատակը արցախյան հակամարտության վերաբերյալ Տեր-Պետրոսյանի հնչեցրած թեզերն ու տեսակետները մոռացության չմատնելն է, այդ թեզերը հասարակությանը շարունակաբար հիշեցնելն ու, առհասարակ, թեման տաք պահելը: Իսկ սա նշանակում է, որ ՀԱԿ-ՀԺԿ-ի՝ Ազգային ժողովից դուրս մնալն ամենևին էլ պատահական չէր. այս ուժին է հանձնվել հասարակական դաշտում որոշակի աշխատանքների իրականացումը, որի նպատակը նույն այդ հասարակությանն ինչ-որ բանի նախապատրաստումն է, իսկ թե կոնկրետ ինչի, դժվար չէ կռահել...

Այսպիսով՝ իշխանությունները մի կողմից որոշակի դիստանցիա են պահպանում ոչ պոպուլյար գաղափարներ դավանող քաղաքական այս ուժից՝ հարվածի տակ չհայտնվելու համար, մյուս կողմից՝ օժտում նույն ուժին կոնկրետ լիազորություններով՝ որոշակի աշխատանքներ կատարելու նույն այդ հասարակության գոնե մի մասի հետ. կրիտիկական զանգված են ձևավորում:

Թե ակտիվության ինչ աստիճան կդրսևորի ՀԱԿ-ՀԺԿ-ն հետագայում կամ ինչ հնարավոր հետընտրական գործընթացներ կլինեն, եթե, իհարկե, առհասարակ լինեն, անկասկած, ցույց կտա ժամանակը, բայց որ քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում, հայտնի բան է. սպասենք զարգացումների:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ