SHAMSHYAN.com-ը գրում է.

«Այն, որ ընտրություններից հետո որոշ ՀՀԿ-ականների միջև ձևավորվեցին բարդ հարաբերություններ, թերևս գաղտնիք չէ, քանզի ի սկզբանե կար մտավախություն՝ մեկը մյուսի ձայները յուրացնելու փորձերի անխուսափելիության առումով: Ուստի, նման թեմաների ակտիվ շրջանառությունը, որքան էլ զարմանալի չէր, այնուամենայնիվ, լրագրողական հանրությունն իր հայացքները սևեռեց այս ընթացքում ծագած հակասություններին՝ պարզելու դրանց իրական պատճառները: Վերջին աղմկահարույց թեման Արզաքանցյան-Մարտիրոսյան «սառը պատերազմի» շրջանակում էր:

Բանն այն է, որ ընդամենը օրեր առաջ ժողովրդի ընտրյալի կարգավիճակում հայտնվելու ցանկություն ունեցող գործարար, բարերար, քաղաքական ու հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը զանգվածային լրատվամիջոցների հետ զրույցում իրեն թույլ է տվել ասել, թե գավառցին «ցիգան է», որին ի պատասխան՝ ստացել է կոպիտ արտահայտություն Գավառի քաղաքապետից, թե «Արզաքանցյանը ղալաթ է արել»:

SHAMSHYAN.com-ի թղթակիցը շտապեց պարզելու իրողությունը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը բազմաթիվ զանգերին դժվարությամբ պատասխանեց.

«Ես հիմա նեղ տեղում եմ, կզանգեմ ազատվելուն պես»: Բայց, իհարկե այդպես էլ չազատվեց։ Փոխարենը շաբաթ ուշ երեկոյան իրեն զանգերին անբովանդակ պատասխանեց իր ենթակա աշխատակիցը, համենայնդեպս, ներկայացավ այդպես:

Մեր համառության արդյունքում մեծ դժվարությամբ նաև կապ հաստատեցինք իրադարձության մյուս կողմի պատասխանատու Տիգրան Արզաքանցյանի հետ: Այն հարցին, թե ինչո՞ւ է իր ժողովրդին անվանել «ցիգան», նա պատասխանեց. «Թե ում եմ նկատի ունեցել՝ ասելով այդ բառը, հստակ գիտեն դրա հասցեատերերը՝ նրանք, ովքեր իրենց կամքով համառորեն ինձ հավատացնում էին, թե իրենց քվեն ինձ են վստահում, բայց միևնույն ժամանակ մի քանի տեղից օգնություններ են ստացել ու ընտրել՝ միանգամայն այլ մտավախություններից ելնելով: Եթե մարդիկ ընտրեին ըստ բարոյական օգնության և հուսալի ապագայի սկզբունքների, ապա միայն իմ բարեգործական հիմնադրամից մշտական աջակցություն ստացողների թիվը կապահովեր անվիճելի հաղթանակ: Բանն այն չէ, որ ես քիչ ձայն եմ ստացել, ամենևին, ես հավաքել եմ առավելագույն քանակ, բայց ոչ իմ ակնկալածը:

Հարցրեք յուրաքանչյուր գավառցու, թե ինչպես եմ ես վերաբերվել և վերաբերվում իմ հայրենակիցներին: Ես միշտ հպարտ եմ եղել, որ գավառցի եմ՝ Գավառի պատվավոր քաղաքացի եմ, սիրում և հարգում եմ իմ ազնիվ ու թասիբով համերկրացիներին և այդպես լինելու է միշտ՝ անկախ ամենից: Ինչ վերաբերում է քաղաքապետի արտահայտությանը՝ իմ հասցեին, ապա ես դեռ նրանից այդ առումով պատասխան կպահանջեմ»: Լրագրողի իմ աշխատանքն առավելագույնս անաչառ կազմակերպելու համար հարցազրույցի նպատակով գնացի և շրջեցի Գավառում: Նախ ասեմ, որ զարմացրեց փողոցների, ճանապարհների անմխիթարությունը:

Հետո պարզվեց, որ դրանից զարմանում է նաև տեղի բնակչությունը։ «Ինձ համար, իմ շրջապատի համար այդպես էլ առեղծված մնաց, թե ինչպես է այս քաղաքապետն այսքան ժամանակ մնում իր պաշտոնին, երբ այսքան տարվա մեջ ոչ մի հարց չի լուծել. ո՛չ քայլելու տեղ ունենք, ո՛չ փոսերն են լցվում, ո՛չ զարգացում կա, միայն թատրոնի շենքի հարևանությամբ առևտրի կրպակներ են ավելանում, այն էլ՝ ի նպաստ իր ծանոթների»,-այսպես արտահայտվեց հասուն տարիքի մի տղամարդ։ Նա չներկայացավ հրապարակվելու և խուսափելու համար գործող իշխանության հետ հնարավոր խնդիրներից: «Փոքր քաղաք է, միմյանց ճանաչում ենք, Երևանից չլինեիք, գուցե և ոչինչ չասեի»,-ասաց նա»: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: