Ինչպես տեղեկացրել ենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրություններին իր համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները: Ցուցակը գլխավորելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականում Լևոն Իգիթյանն է:

 

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարոն Իգիթյանից ճշտել՝ ի՞նչ նախաձեռնություններով  է հանդես գալու, եթե դառնա Երևանի ավագանու անդամ և ինչո՞ւ որոշեց առաջադրվել:

 

-Պարո՛ն Իգիթյան, փաստորեն, Դուք ընդգրկված ենք Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի համամասնական ցուցակում և բավականին հաջող հորիզոնականում: Ինչո՞ւ եք ցանկանում ավագանու անդամ դառնալ:


-Ես տեղյակ չեմ, իրո՛ք՝ չգիտեմ:

 

-Չգիտեք՝ ինչու եք ցանկանում դառնալ Երևանի ավագանու անդա՞մ:


-Ոչ մի ընթացքից տեղյակ չեմ, ինձ երեկ եկան-ասեցին, որ պետք ա դառնաս:

 

-Ինչպե՞ս, առանց Ձեր կարծիքը հաշվի առնելո՞ւ, չէ՞ որ առաջադրվել եք ՀՀԿ ցուցակով: Նույն կերպ երեկ դերասան Միքայել Պողոսյանն ասաց, որ տեղյակ չէ, որ առաջադրվել է ՀՀԿ-ի ցուցակով: Փաստորեն, Ձեզ չե՞ն տեղեկացրել:


-Դե կարծիքը որն ա է, կարծիքը ժողովուրդն ա հայտնում: Ով ինչ է ասել, ով ում հետա լավ, վատ, ես խաբար չեմ: Օրը կգա, կգան կասեն, ընտրվել եմ՝ լավ, չէ՝ չէ:

 

-Իսկ եթե ընտրվեք, ո՞րն է լինելու Ձեր առաջին նախաձեռնությունը, ինչի՞ մասին կբարձրաձայնեք ավագանու առաջին նիստի ընթացքում: 


-Եթե դառնամ, իհա՛րկե, կունենամ:


-Նախկինում նույպես ավագանու անդամ էիք, ի՞նչ ծրագրերով և նախաձեռնություններով եք հանդես եկել:


-Գիտեք՝ հիմա էնպիսի  հարցեր եք տալիս... Շտապում եմ, գնամ, սպասում են: 

 

Աղավնի Սուքիասյան