Երևանի թիվ 127 դպրոցի բակում երկու աշակերտ փորձել են ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները: 

 

Ըստ մամուլում հայտնված նախնական վարկածի՝ աշակերտներն այդ քայլին են գնացել, երբ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտների վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով, նույն օրը՝ ժ.10.00-ին՝ դպրոցի բակում երկու տղաներ ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:

 

Կատարվածի վերաբերյալ առավել մանրամասներ պարզելու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ  կրթության նախարարությունն այս պահին ճշտում է կատարվածի մանրամասները:

 

 «Այս պահի դրությամբ՝ պարզել ենք, որ միջադեպը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 127 դպրոցում: 10 և 11-րդ դասարանների տղա երեխաները փորձել են իրար հետ ինչ-ինչ հարցեր պարզել և վնասել են իրենց: Այս պահին որևէ այլ տեղեկատվություն չեմ կարող հայտնել»,-նշեց Աշոտ Արշակյանը՝ հավելելով, որ դպրոցի տնօրեն Նելսոն Էլոյանը ԿԳ նախարարություն է կանչվել:

 

ԼՈւՐԵՐ.com-ին թիվ 127 դպրոցից տեղեկացրին, որ ավագ դասարանի այդ երկու աշակերտները դպրոցից դուրս վիճաբանել, ինչ-որ տարաձայնություններ են փորձել ճշտել, որից հետո իրենք իրենց սուր գործիքով վնասել են. «Դե բարձր դասարանների տղաներ են, երևի փորձել են աքլորանալ կամ ինքնահաստատվել, վնասել են իրար»,-նշեց մեր զրուցակիցը: Վերջինս հայտնեց, որ տղաներին առաջին բուժօգնություն է տրամադրել դպրոցի բուժաշխատակիցը և տղաներին հիվանդանոց չեն տեղափոխել: Ոստիկանները գտնվում են դպրոցում և իրականացնում են համապատասխան գործողություններ:

 

Հարցին՝ արդյո՞ք երեխաները եղել են անապահով ընտանիքից և գրքի գումար վճարելու խնդիր են ունեցել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ո՛չ, նրանք ապահովված ընտանիքի երեխաներ են եղել, իսկ գրքի գումարի մասին խոսք լինել չի կարող: Մեր դպրոցում անապահով ընտանիքի երեխաները ազատված են այդ գումարը վճարելու պարտականությունից»: 

 

Աղավնի Սուքիասյան