Ապրիլի 13-ին՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին կhատկացվի 3100 (երեք հազար հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ՄԻԵԴ-ի «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործի վճռով սահմանված արդարացի հատուցման համար և 2900 (երկու հազար ինը հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ նույն պայմանով, բայց մեկ այլ գործի համար՝ այս անգամ՝ «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով:

Հիշեցնենք՝ «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ Հայաստանի կառավարությունը հայցվոր Վաղինակ Տեր-Սարգսյանին երեք ամսվա ընթացքում պետք է վճարի 3100 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Իր բողոքը Հայաստանի Հանրապետության դեմ՝ Տեր-Սարգսյանը ներկայացրել էր 2010 թվականի մայիսի 11-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հռչակագրի 34-րդ հոդվածով:

Հայցվորը մասնավորապես պնդել է, որ խախտվել է Ղազախստանում 2000 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչվող դատական գործի ընթացքում իր արդար դատավարության իրավունքը, քանի որ նա մեղավոր է ճանաչվել վկաների մինչդատական հայտարարությունների հիման վրա, որոնց նա հնարավորություն չի ունեցել տեսնելու, ինչպես նաև տեսաձայնագրությունների հիման վրա, որոնք չեն քննվել դատարանում:

Կապանի բնակիչ Դավիթ Ավետիսյանը 2009 թ.-ին դատապարտվել էր 5 տարի, 6 ամսվա ազատազրկման: Ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի, Դավիթ Ավետիսյանը 0.65 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց է տեղադրել տորթի մեջ և ցանկացել առաքել «Գորիս» ՔԿՀ դատապարտյալներից մեկին: Դատարանում Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Այս գործն անցել է ներպետական դատական ատյաններով: Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը 2010-ի օգոստոսին որոշում է կայացրել վերադարձրել է Ավետիսյանի պաշտպան Կամսար Մկրտումյանի բողոքը: 2011-ին փաստաբան Հայկ Ալումյանը գանգատ է ներկայացրել ՄԻ եվրոպական դատարան: 5 տարի անց՝ այս գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է արդար դատաքննության իրավունքի խախտում: Դավիթ Ավետիսյանին պետական բյուջեից կվճարվի 2400 եվրո բարոյական վնասի և որպես կատարված ծախսի հատուցում՝ 500 եվրո:

Նշենք, որ դեռևս 2016 թվականին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել էր ՄԻԵԴ-ին վճարվելիք գումարներին: Նա հանձնարարել էր ֆինանսների նախարարությանը՝ քննարկել և հաշվել, թե վերջին տարիներին որքան գումար է վճարվել Եվրադատարանի վճիռների արդյունքում՝ շեշտելով. «Այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ»,- իր զայրույթն էր արտահայտել նախկին վարչապետը:

Սոնա Հարությունյան