Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեակ ան գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարինե Դ.-ն ահազանգել և դիմում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ Գյումրի քաղաքի բնակիչ Մարգո Մ.-ն պարբերաբար անհանգստացրել և ահաբեկել է իրեն' իր մատուցած փաստաբանական ծառայությունների որակի հետ կապված: Փաստաբանի հիշյալ դիմումի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Մարգո Մ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ իր հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործը չշահելու հետ կապված' Կարինե Դ.-ից պահանջել է հետ վերադարձնել վերջինիս մատուցած փաստաբանական ծառայությունների դիմաց վճարած 100.000 ՀՀ դրամը: Սակայն Կարինե Դ.-ն հրաժարվել է այն վերադարձնելուց և փաստաբանական գրասենյակում ծեծի է ենթարկել Մարգո Մ.-ին' հեռախոսի խոսափողով հարվածել է գլխին, քաշքշել և դուրս է շպրտել գրասենյակից, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել:

Մարգո Մ.-ն նաև հայտնել է, որ մինչ այդ' ոստիկանության Կումայրիի բաժնում տված բացատրությունը գրել է նույն բաժնի պաշտոնատար անձանց թելադրանքով: Վերջիններս իրեն համոզել են բացատրությունում չնշել ծեծի ենթարկվելու վերաբերյալ հանգամանքները' խոստանալով դրա դիմաց փաստաբանին համոզել հետ վերադարձնել գումարը:

Մարգո Մ.-ին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: