Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վաչության պետ Արման Սահակյանը ՀՀ կառավարության հավանությանը ներկայացրեց թվով 42 ընկերությունների մասնավորեցման նախագիծ:

 

Վարչապետը հարց ուղղեց, թե ե՞րբ են Արման Սահակյանից լսելու նախորդ նիստում Կառավարության կողմից հայտարարված՝ կոմերցիոն գործակալություն դառնալու որոշման իրականացման մասին: 

 

Ի պատասխան վարչապետի այս հարցադրման՝ Արման Սահակյանը նշեց. «Դրանք  օրենսդրական փոփոխությունների հետ են կապված: Մեկ ամսվա ընթացքում, կարծում եմ՝ այդ որոշումն իրականություն կդարձնենք»: 

 

Հաջորդ հարցով Արման Սահակյանն առաջարկեց մասնավորեցնել «Արաքս» ՓԲԸ բաժնետոմսերը՝ հավելելով, որ այս ընկերությունը   ներկայում գործունեություն չի ծավալում:

 

Վարչապետը հետաքրքրվեց, թե՝ այս ի՞նչ ընկերություն է և ինչքա՞ն ժամանակ է, որ գործունեություն չի ծավալում: Վարչապետը ստիպված էր իր այս հարցադրումը երեք անգամ կրկնել և չսպասելով Արման Սահակյանի պատասխանին, ասաց.

 

«Իսկ ինչքա՞ն ժամանակ ա, որ ոչնչով չի զբաղվում»:


Արման Սահակյանը վարչապետին ավելի չբարկացնելու համար մեղմ պատասխանեց, որ «Արաքս» ՓԲԸ-ի մասնավորեցման հարցը քննարկման առարկա էր դեռևս 2015 թվականից. «Այս ընկերությունը շատ պրոբլեմներ ուներ՝ կապված իր գրանցման հետ, բազմաթիվ անգամներ կատարվել են չափագրումներ, հատակագծերի միջև եղել են անճշտություններ, մենք նոր հասցրել ենք իր տրամաբանական ավարտին»,- ասաց Արման Սահակյանը:

 

Արման Սահակյանի այս պատասխանը հունից հանեց վարչապետին: Վերջինս նշեց, որ անիմաստ է 2000 թվականից ոչինչ չանող ընկերությունն այսքան տարի պահելը. «Այս ձեռնարկությունը բան չի անում, ինչի՞ ենք 17 տարի սպասում: 2000 թվականից անգործության է մատնված, 2017 թվականին մենք նոր որոշում ենք օտարենք, 17 տարի մենք ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ ենք անում»: 

 

Վարչապետի այս հարցադրումները մնացին անպատասխան: 

 

Տեսանյութը՝ քիչ անց:

 

Աղավնի Սուքիասյան