Երեկ համացանցում հրապարակվեց աղմկահարույց ձայնագրություն, որն արվել է ընտրություններից առաջ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ «ՍԱՍ-ի Արտակին» պատկանող SAS գրուպում անցկացված ժողովի ժամանակ:

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ ընկերության աշխատակիցներին ստիպում են Արտակ Սարգսյանի համար ձայներ հավաքել, սպառնալով, որ հակառակ դեպքում աշխատանքից կհեռացվեն: Ձայնագրության մեջ՝ ընկերության աշխատակիցը, ով հավանաբար SAS-ի Արտակի աջ ձեռքն է, հատ առ հատ ստուգում է ցուցակում իրենց աշխատակիցների անուններն ու նրանց բերած ձայների քանակը: 

Առավելագույն ձայներ բերած առաջին երեք աշխատակիցները Արտակ Սարգսյանի կողմից կստանան ուղևորություն դեպի Փարիզ: Այն աշխատակիցները, ովքեր ձայն չեն ներկայացրել, նախատինք ստացան ու սպառնալիք՝ աշխատանքից հեռացվելու: Մոտ 40 րոպե տևողությամբ ձայնագրությունը բացահայտում է ընտրությունների ամբողջ պատկերը, որը սարսափելի է:  

Այս ձայնագրությունից հետո ՀՀ Գլխավոր դատախազությունը և Ոստիկանությունն ուղղակի պարտավոր են քայլեր ձեռձնարկել: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ այս պահին որևէ բան չի կարող հաղորդել ձեռնարկվող կամ միգուցե ձեռնարկված քայլերի մասին, փոքր ինչ ուշ կտեղեկացնեն: 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից ևս նույն պատասխանը տրվեց. «Այս պահին դեռ ոչ մի քայլ չի ձեռնարկվել»: