ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների՝ ապրիլի 14-ի ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը խոսեց խորհրդարանական ընտրությունների մասին: Վերջինս տեղեկացրեց, որ այսօր, ժամը 16.00-ին դիմելու են Սահմանադրական դատարան՝ ընտրախախտումների մասին հստակ փաստարկներ ներկայացնելով:

Արամ Մանուկյանն անդրադարձավ այսօրվա թիվ 1 թեմային՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի նախընտրական ձայնագրությանը, որտեղ պատգամավորին պատկանող ընկերությունների աշխատակիցներին ստիպում են Արտակ Սարգսյանի համար ձայներ հավաքել, սպառնալով, որ հակառակ դեպքում աշխատանքից կհեռացվեն: «Այսօր մենք կդիմենք սահմանադրական դատարան, հավաքել ենք բավականաչափ նյութեր: Արաբկիր համայնքում  ընտրողների ամեն չորրորդը կույր է եղել: Այն տեղամասում, որտեղ առաջադրվել է Արտակ Սարգսյանը, մարդիկ քվեարկության ժամանակ օգնության կարիք են ունեցել, կույր են եղել՝ չեն կարողացել քվեարկել և նրանց օգնության են հասել իշխանական դիտորդները»,-նշեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ վստահ է, որ բոլոր ներկաները նայել են երեկվա «կինոն»: 

«Արտակ Սարգսյանի աշխատողների վրա ճնշումը և երեկվա ձայնագրությունը ներկայացնելու ենք այն փաթեթում, որը պատրաստվում ենք ներկայացնել Սահմանադրական դատարան»,- ասաց Մանուկյանը

Արամ Մանուկյանի բնորոշմամբ՝ ամենաուշագրավն այն է, որ հոգեբուժարանում են 100 տոկոսով քվեարկել ՀՀԿ-ի օգտին. «Կայֆ է. բոլոր հոգեկան հիվանդները քվեարկել են իշխող ուժի օգտին: Թրամփը կնախանձեր մեր 45 հազարանոց տղերքին: Զավեշտն այն է, որ նրան անգամ հինգ տարի ԱԺ-ում աշխատող պատգամավորները չեն ճանաչում»: