Այսօր խորհրդարանում կայացած հերթական ճեպազրույցի ժամամակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ Արտակ Սարգսյանի վերաբերյալ աղմկահարույց ձայնագրությանը. «Ես չէի ցանկանա լրատվության տրամադրած նյութերը մեկնաբանել: Արդյոք Արտակ Սարգսյանը տեղյա՞կ է եղել այդ ձայնագրության մասին, թե՞ ոչ, պետք է իր մանդատը վա՞յր դնի, թե՝ ոչ և նման բազմաթիվ հարցերի կպատասխանեմ այսպես՝ պետք է տարվի քննություն՝ ձայնագրության վերաբերյալ»:


Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում դատապարտեց քաղաքացուն ճնշելու և նվաստացնելու ցանկացած քայլ՝ անկախ այն կատարողից՝ պնդելով, որ իր այս տեսակետը չի փոխվում նաև իր թիմակից Արտակ Սարգսյանի պարագայում. «Եթե քննություն տարվի և ինչ-ինչ հանգամանքներ պարզվեն, ես այդ ժամանակ կտամ իմ գնահատականը, ես որևէ բան ոչ բացառում եմ, ոչ՝ հերքում, բայց առայժ որևէ բան չեմ ասի»: 

 

Արդյոք ՀՀԿ-ում քննարկվե՞լ է Արտակ Սարգսյանին մանդատից զրկելու հարցը՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այս հարցը կքննարկվի կուսակցության գործադիր մարմնի նիստում»: 


ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյո՞ք Գործադիր մարմնում կքննարկվի նաև Արտակ Սարգսյանի առաջադրված տեղամասերում նոր ընտրություններ իրականացնելու հարցը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ձայնագրության հետ կապված հարցերը կքննարկենք, բայց չեմ կարծում, որ նոր ընտրություններ անցկացնելու կարիք կա: Մենք դեռ կսպասենք, թող այդ ձայնագրությունն ուսումնասիրեն, երբ արդյունքները պարզ կլինեն, նոր՝ կխոսենք»:


Պատգամավորը նաև հավելեց. որ հրապարակված ձայնագրության քննությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: 

 

Աղավնի Սուքիասյան