Կապուտաչյա, գեղեցկադեմ երիտասարդ էր անցած տարի ապրիլին Արցախում զոհված Ռոբերտ Աբրահամյանը: Ծնունդով Արարատի մարզի Տափերական գյուղից էր: Երազում էր ծառայել բանակում:

 

Ծառայության անցնելուց մի քանի օր հետո բարձրանում են դիրքեր. հակառակորդն ակտիվացել էր, հարկավոր էր դաս տալ: Թալիշի դիրքերում էին: Ռոբերտը մեկն էր այն երիտասարդներից, ովքեր 2016 թվականի ապրիլին իրենց կյանքը տվեցին հանուն հայրենի հողի: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով: 

 

Ռոբերտի հայրենի Տափերական գյուղի միջնակարգ դպրոցում ՆԶՊ-ի դասասենյակն անվանակոչվեց հերոս Ռոբերտի անունով: Միջոցառմանը ներկա էին Ռոբերտի ծնողները, կինը և փոքրիկ Ռոբերտը, ով, չնայած դեռ շատ փոքր է, բայց արդեն շատ բան է հասկանում: Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները, Երկրապահ կամավորականների միության անդամները, ազատամարտիկներ և այլք: 

 

Պաշտոնական արարողությունից հետո դպրոցի աշակերտները ասմունքեցին, բանաստեղծություններ նվիրեցին իրենց նորօրյա հերոսին և խոստացան բացակա չդնել: 


Ռոբերտի հայրը՝ Աբրահամ Աբրահամյանը, բավական հուզված էր, որդու կորստի հետ համակերպվել հնարավոր չէ, մեկ տարի է անցել, սակայն ցավը չի ամոքվել: Ծնողների մոտ հպարտության ու տխրության զգացումները միախառնվել էին: Տխուր են, որ իրենց կապուտաչյա Ռոբերտին ամեն օր չեն տեսնում, բայց և հպարտ են՝ իրենց զավակը հայրենիքի համար է կյանքը տվել: Ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացան լավագույն տղաները...

 

Քրիստինա Աղալարյան

Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com