Հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հատուկ զեկույցն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի մի քանի օրից: Իսկ մինչ այդ, Մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներին մի քանի խոսքով ներկայացրել է հատուկ զեկույցում տեղ գտած գնահատականները: Օմբուդսմանի կարծիքով՝ երթը այդ օրը խաղաղ բնույթ չի կրել: 

 

  • «Եթե երթը ուներ խաղաղ նպատակ, ապա ինչու էր այն ընթանում Սարի թաղի նեղ փողոցներով, գիշերով, նախապես չհայտարարելով ոստիկաններին՝ Սարի թաղ գնալու մտադրությունը: Ինչպես նաև ակնհայտ էր այն, որ դա անհարմարություն էր պատճառելու բնակիչներին, որտեղից մենք ունեցել ենք բողոքներ: Ես կարծում եմ, որ Սարի թաղ գնալը խաղաղ նպատակ չէր հետապնդում: Սա իմ դիրքորոշումն է, և դա շատ ավելի մանրամասն ներկայացված է զեկույցում»,- նշել էր Թաթոյանը: 

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց՝ Սարի թաղի դեպքերի մասին խոսելիս՝ նախ պետք է առաջին հերթին անդրադառնալ նրան, որ Սարի թաղը տարածք է, որտեղ ապրում է ՀՀ քաղաքացին և այդ օրերին գտնվում էր անկլավի կարգավիճակում: «Սարի թաղը շրջափակված էր, մարդիկ որևէ կերպ չէին կարողանում դուրս ու ներս անել և նրանք ընդվզելու ու բողոքելու բոլոր իրավունքներն ունեին»,- նշեց Հարությունյանը:

 

Նրա խոսքով՝ Պաշտպանը զեկույցը ներկայացնելիս անպայման պետք է անդրադառնա դատապարտված ու դատապարտվող սարիթաղցիներին, ովքեր հայտնվել են դատարաններում տարբեր կարգավիճակներով միայն այն պատճառով, որ ապրել են Սարի թաղում և զրկված են եղել ելումուտ անելու հնարավորությունից:

 

«Առաջին հերթին պետք է նրանց մասին խոսվի: Իսկ ինչ վերաբերվում է երթին ու ցույցին, ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մասնակից չեմ եղել, եղել եմ կողքից դիտող: Կարող եմ ասել, որ ոչ միայն անցած տարվա այդ օրերի իրադարձությունների ժամանակ, այնպես էլ Հայաստանում տարբեր ժամանակներում կատարված երթերը, ցույցերը՝ որպես կանոն, խաղաղ բնույթ են ունենում:


Ոստիկանությունն ու հատուկ ծառայություններն են, որ դրանք դիտարկում են որպես ոչ խաղաղ: Ե՛վ մարտի 1-ին է այդպես եղել, և՛ մարտի 1-ից առաջ, և՛ անցած տարվա ամռանը: Մարդիկ, որպես կանոն, զինված չեն լինում, ցույցի կազմակերպիչները նախապես հայտարարում են, որ իրենց ցույցը խաղաղ բնույթ է կրում և այլն: Իսկ հատուկ ծառայությունները մշտապես կազմակերպում են սադրանքներ և վերջին հաշվով հայտարարում են, որ դրանք խաղաղ բնույթ չեն կրել»,- մանրամասնեց իրավապաշտպանը, հավելելով՝ իր կարծիքով՝ այդ օրերի բոլոր իրադարձությունները՝ երթեր, ցույցեր, հավաքներ, խաղաղ բնույթ են կրել: 

 

Վարդան Հարությունյանը շեշտեց՝ ՀՀ-ում գտնվող բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները պետք է զբաղվեն այն սարիթաղցիների գործով, ովքեր հանգամանքներից ելնելով՝ այսօր կալանավորված կամ անհիմն դատապարտված են: 

 

«Զեկույցներ հրապարակելն, իհարկե, լավ բան է, բայց նաև պետք է պրակտիկ քայլեր իրականացնել այդ մարդկանց օր առաջ կալանավայրերից դուրս բերելու համար»,- ամփոփեց իրավապաշտպանը: 

 

Քրիստինա Աղալարյան