«Բազմաթիվ անգամներ նշել եմ, որ ապրիլի 2-ին տեղի ունեցածը ոչ թե ընտրություն էր, այլ կրիմինալ միջոցառում: Արտակ Սարգսյանի մասին այս ձայնագրությունն այդ կրիմինալ միջոցառման արդյունքն է և կրիմինալ միջոցառում: Ապրիլի 2-ի այդ միջոցառումն ուղեկցվեց ընտրակաշառքով, վարչական ռեսուրսի կիրառմամբ, իսկ իմ նշած դասական ընտարակաշառքի տիպիկ օրինակը հենց այդ ձայնագրությունն  է»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը: 

 

Վերջինս անօգուտ զբաղմունք համարեց այսօր շահարկվող այն թեզը, որ անհրաժեշտ է այն ընտրատարածքներում, որտեղ առաջադրվել է Արտակ Սարգսյանը, նոր ընտրություններ անել՝ շեշտելով, որ նոր ընտրությունների անցկացման պարագայում նույնիսկ՝ ընդհանուր պատկերը չի փոխվի. «Չկա՛ կրկնակի ընտրություն անցկացնելու անհրաժեշտություն, ամբողջ համակարգն է եղել կեղծված: Նոր ընտրություն անցկացնելուց, իհարկե, կշահի միայն քաղաքացին, նրանք նորից կաշառք կստանան, բայց, նույնիսկ այդ դեպքում՝ ՀՀԿ-ի ստացած ընդհանուր պատկերը չի փոխվի»

 

Մեզ հետ զրույցում քաղաքագետը խոսեց նաև ՀՀԿ-ի վարկանիշի մասին՝ շեշտելով, որ Արտակ Սարգսյանի այս միջադեպը չի կարող այն նվազեցնել՝ շեշտելով, որ ՀՀԿ-ն վարկանիշը բարձրացման կամ նվազեցման կարիք չունի. «Միայն Արտակ Սարգսյանը հո չէ, այնտեղ բոլորն էլ էդպես են արել, նույնն են, իսկ, խոշոր հաշվով՝ ապրիլի երկուսով նրանք բոլորը վարկաբեկվեցին»:


Արդյո՞ք ՀՀԿ-ն Արտակ Սարգսյանին իր շարքերից հեռացնելով, կփորձի մաքուր պահել իր հեղինակությունը հարցին՝ Արմեն Բադալյանը պատասխանեց. «Իսկ ու՞մ է ՀՀԿ-ն հաշվետու, որ մտածի իր հեղինակության մասին: Նրանք ոչ մեկի հաշվետու չեն, եթե խոսենք մամուլի հրապարակումների մասին, պետք է ասեմ, որ մամուլի պահանջը դեռևս հասարակության պահանջ չէ և մենք ադապտացվել ենք այս վիճակներին»:


Աղավնի Սուքիասյան