Հայաստանում, ինչպես հայտնի է, մշտապես խնդիր է եղել՝ կապված տեղական բիզնեսին աջակցելու հետ. մեզանում ամենաանպաշտպանը, ցավոք, շարունակում է մնալ այն անհատ ձեռներեցն, ով այսպես ասենք, չունի մեջք ու հենարան, ու այս պարագայում մարդու ունեցած տաղանդները հաճախ աշխատում են իր իսկ դեմ. արժեք ստեղծող մարդը մեզանում մնում է չգնահատված:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարել է, որ Կառավարության քաղաքականության հետևանքով չեն կարողանում մասնակցել էլեկտրոնային համակարգերի ստեղծման մրցույթներին. հայկական ընկերությունների մեծամասնության համար անհաղթահարելի պայմաններ է սահմանված։ Այս յուրատեսակ ահազանգին, սակայն, նույն Դավիթ Հարությունյանը, ով, հայտնի է, ՀՀ կառավարությունում ամենևին էլ ամենավերջին դեմքը չէ, հայտարարել է, թե այդ պնդումը անհեթեթ է այն աստիճան, որ ինքը չի էլ կամենում դրանց պատասխանել:

Թե հատկապես ինչն է դրդում Հարությունյանին այս ահազանգը որակել այնպես, ինչպես ինքն է որակում, մեղմ ասած՝ անհասկանալի է, քանի որ իրավիճակի օբյեկտիվ վերլուծությունը պարզ է դարձնում այն անհեթեթ իրավիճակը, որ այս ոլորտում ստեղծվել է. փաստացի գործ ունենք տեղական ընկերությունների նկատմամբ գործադրվող յուրատեսակ տեռորի հետ, որին այդպես էլ որևիցե պատճառաբանություն չի գտնվում: Հարց՝ պարոն Հարությունյանին՝ որքանո՞վ է իր կողմից հնչող խուսափողական պատասխանը արդարացված մի պարագայոում, երբ այս ամենի արդյունքում Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն ներկայացնող ոլորտի ընկերությունները փաստացի հայտնվում են տուժողի կարգավիճակում այն դեպքում, երբ կարող էին միայն օգուտ քաղել այդ ամենից: Եվ ինչպե՞ս ենք պատրաստվում տնտեսություն զարգացնել, երբ տնտեսության լոկոմոտիվ ճյուղ հանդիսացող ոլորտի ընկերութուններին փաստացի խեղդում ենք:

Ակնհայտ է՝ գործ ունենք հստակ պլանավորված երևույթի հետ. երևում է՝ ոմանց այնքան էլ ձռնտու չէ տեղական ընկերությունների զարգացումն, ու անում են ամեն ինչ՝ իրենց նպատակներին հասնելու համար, իսկ Հարությունյանն էլ այս պարագայում հանդես է գալիս այդ ամենն արդարացնողի դերում. սա էլ իր գործառույթն է, ինչ կարող ես ասել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ