Վերջին օրերին կայքերում պարբերաբար լուրեր են շրջանառվում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նապոլեոն Ազիզյանի՝ մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեմայի հետ կապված:

Այս հարցի շուրջ Slaq.am-ը զրուցեց Նապոլեոն Ազիզյանի հետ, ով նշեց, որ նախքան մանդատի թեմային անդրադառնալը ուզում է հատուկ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածուների արձանագրած հաջողությունները հիմնականում պայմանավորված են Գագիկ Ծառուկյանի անձով և նրա՝ դաշինքի առաջնորդ լինելու հանգամանքով:

«Մեր ամբողջ նախընտրական գործընթացները կազմակերպել է Գագիկ Ծառուկյանը և թող ոչ ոք չնեղանա, բայց բոլոր թեկնածուների հաջողության մեջ ամենամեծ մասը Գագիկ Ծառուկյանի գործոնն է և բնականաբար հենց Գագիկ Ծառուկյանը պետք է որոշի, թե իր թիմից ովքեր պետք է խորհրդարան գնան: Գագիկ Ծառուկյանը միշտ էլ կարողանում է արդարացի ընտրություն կատարել և ես համոզված եմ, որ մեր առաջնորդը շատ ճիշտ որոշում կկայացնի, թե ով է գնալու խորհրդարան և իր որոշումն էլ ընդունելի կլինի իմ կողմից»:

Անդրադառնալով մամուլում չարչրկվող՝ ինքնաբացարկի դիմում գրել կամ չգրելու թեմային՝ Նապոլեոն Ազիզյանը շեշտեց, որ հիվանդանոցում է այս օրերին, չի հետևում մամուլի հրապարակումներին, չի հիշում նման դիմումի մասին: Անդրադառնալով մամուլում այսօր տեղի գտած իր այն հայտարարությանը, որ չի կարողանում կապնվել կուսակցության պատասխանատուների հետ՝ Նապոլեոն Ազիզյանը շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանին ի նկատի չի ունեցել:

Ամփոփելով խոսքը՝ պարոն Ազիզյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ բնական է, որ խորհրդարանում իրենց օրենսդիր գործունեությունը իրականացնելու որոշումը կայացնողը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, քանզի բոլոր թեկնածուների հաջողության առյուծի բաժինը հենց Գագիկ Ծառուկյանի անձով է պայմանավորված: