Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր պատասխանել է հարցին՝ արդյո՞ք կշարունակի աշխատել որպես նախարար նոր կառավարությունում: «Հակառակը պնդելու պատճառ չկա, մանավանդ, որ մենք ներկայումս Հանրապետականի հետ միասին բանակցությունների փուլում ենք»,- հայտարարեց նախարարը:

 

Հարցին' հնարավո՞ր է, որ ապագա կառավարությունում զբաղեցնի այլ պորտֆել, նախարարը պատասխանեց. «Եթե իմ նախասիրությունն եք նայում, ոչ, որովհետև ես համարում եմ, որ այս ոլորտը երկրի զարգացման հիմքն է: Մեր բնական ռեսուրսները, մեր շրջակա միջավայրը մեր երկրի զարգացման իրական հիմքն են և ճիշտ ու նպատակային քաղաքականության, էկոլոգիական, սոցիալական ու տնտեսական քաղաքականությունների համապատասխանեցման արդյունքում կարող ենք ունենալ լուրջ զարգացում»։

 

Նախարարի խոսքով՝ ինքը հույս ունի, որ նախարարությունը կփոխի անվանումը՝ դառնալով Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման պետական լիազորված մարմին: