Ավանդների հատուցման թեման, արդարև, պետք է համարել ամենապրոբլեմատիկներիրց մեկը մեզանում: Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը երևի թե միակն է, որ դեռևս լիովին չի հասցրել փոխհատուցել իր քաղաքացիներին՝ նրանց կորսված ավանդների դիմաց: Թե ինչպես ստացվեց այնպես, որ ավանդների փոխհատուցման թեման դարձավ բացառապես ընտրություններին մասսա գրգռելուն պիտանի բան, կարելի է երկար խոսել: Կարելի է նաև երկար խոսել այն մասին, թե որն է իրականում այն բանի պատճառը, որ այսքան տարիների ընթացքում պետությունն այդպես էլ գործնականում քայլ չի կատարել խնդրին ինչպես հարկն է լուծում տալու համար:

Միգուցե ոմանք կարող են ասվածին հակադարձել իբր տարիներ առաջ սկիզբ առած ավանդների փոխհատուցման ծրագիրը մեջտեղ բերելով, բայց եթե փորձենք անաչառ հայացք գցել այդ ծրագրին,որ ոմանց համար դարձել է սեփական քաղաքական կարիերան ինչ-որ կերպ փրկելու միջոց, ապա հասկանալի կդառնա,որ այն ընդամենը թոզփչոցի է, ինքնախաբկանք. այն փոխհատուցումը, որ իբր տրվում է մարդկանց, հաշվարկի այն մեթոդը, որ կիրառվում է այս պարագայում, ուղղակի ձեռառնելիք է. նախ՝ փոխհատուցում ստացողներն են շատ քիչ՝ սահմանված տարիքային շեմի և այլ սահմանափակումների պատճառով, երկրորդ՝ այն գումարը, որն իբր մարդկանց փոխհատուցվում է, չնչին տոկոսն է կազմում այն գումարի, որ ժամանակին մարդիկ, վստահելով խորհրդային բանկային համակարգին, պահ են տվել բանկին: Ավելին՝մամուլում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների, որոնք պատմում են այս կամ այն խաբված ավանդատուի, մարդկանց ոտնահարված իրավունքների մասին:

Միգուցե ոմանք այս իրավիճակը կբացատրեն երկրի ծանր ֆինանսատնտեսական վիճակով, սակայն այդ պարագայում էլ հարց է առաջանում՝ եթե այդպես էր, ապա էլ ինչո՞ւ էր պետությունը տարիներ առաջ հանձն առնում սկսելու մի գործընթաց, որի օգուտը զրոյական է լինելու: Արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե սպասեին, իրավիճակը շտկվեր ու հետո միայն սկսեին ավանդների փոխհատուցման համապատասխան գործընթացը:Թե չէ այսպես ստացվում է կատարյալ ինքնախաբեություն. իբր փողերը հետ են տալիս, այնինչ իրականում թալանում են:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ