Թուրքիայում խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները հաղթանակ տարան ապրիլի 16-ին կայացած հանրաքվեում՝ Էրդողանին տալով անսահմանափակ իշխանություն:

Թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ Էրդողանի իշխանության ամրապնդումն  այնտեղ ապրող հայ համայնքի համար, ի՞նչ խնդրի առաջ էին կանգնած հանրաքվեին պատրաաստվող մեր հայրենակիցեները, այս ու այլ հարցերի շուրջ  ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ:

-Պարո՛ն Ախոյան, ի՞նչ կարծիք ունեք Թուրքիայում կայացած Սահմանադրական հանրաքվեի մասին՝ հաշվի առնելով այդ երկրում հայկական համայնքի գործոնը:

-Պետք է նշեմ, որ Թուրքիայում այդ հանրաքվեի անցկացումն ու դրա հետևանքը խոշոր հաշվով մեր խնդիրը չէ, Թուրքիան գնում է այն հունով, ինչը երկար տարիներ պլանավորել է Էրդողանը, և այնտեղ ապրող մեր հայերը նման կարևոր պահերի ժամանակ միշտ դրսևորում եմ չեզոք կեցվածք՝ ավելի շատ իշխանությունների հետ են: 

-Այսինքն, կո՞ղմ են քվեարկել Սահմանդրական հանրաքվեում Էրդողանի իշխանության ամրապնդմանը:

-Կապ չունի՝ կողմ են, թե դեմ, փաստ է, որ նրանք շեշտված դիրքորոշում չեն կարող արտահայտել: Ինչո՞ւ, որովհետև բազմաթիվ թելերով կապված են այդ երկրի իշխանության հետ, և դեռ չլուծված շատ խնդիրներ կան, հետևաբար, մեր խառնվելու ժամանակը չէ: Ուստի, պաշտոնական և հրապարակային դիրքորոշում մեր հայրենակիցները չէին կարող արտահայտել՝ բացառությամբ Կարո Փալյանի:

-Պատգամավոր Կարո Փալյանն իր դիրքրոշումն արտահայտե՞լ է հանրաքվեի արդյունքների հետ կապված:

-Այո՛, խոսել է, բայց, պետք է շեշտեմ, որ նա միայնակ չի կարող այդ բեռը կրել: Այստեղ նորից պետք է կրկնեմ, որ այս օրերին Թուրքիայում կատարվողը մեր խդիրը չէ: Այնտեղ՝ ներսում էլ կան արդեն շատ խնդիրներ, մասնավորապես, հանրաքվեն անցել է բազմաթիվ խախտումներով և լցոնումներով և այդ մասին Թուրքիայում գործունեություն ծավալող կուսակցություններն են անգամ ահազանգում: Նրանք, կարծես, նոր հասկացան, որ Թուրքիան գնում է միապետության՝ ԵՄ ճանապարհով քայլելու փոխարեն: 

-Հայ համայնքը ստիպվա՞ծ է էլ ավելի մեկուսանալ և չեզոք լինել:

-Անպայման, միայն այդպես է հնարավոր մեր գոյությունը պահպանել, բայց պետք է նաև կարողանանք ցանկացած պահի արթուն լինել, պահը ճիշտ օգտագործել՝ ի նպաստ հայկական շահերի: Ջինն այլևս սափորից դուրս է եկել, և դժվար չէ կռահել՝ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ:

-Ո՞րն է լինելու հայկական համայնքի առաջին քայլը՝ հանրաքվեից հետո:

-Հանրաքվեից հետո մենք ունենք լուրջ խնդիր՝ ձերբազատվել Արամ Աթեշյանից: Պետք է գիտակցել Պոլսո Հայոց պատրիարքի կարևորությունը և պետք է դրա վրա կենտրոնանալ: Մեր համայնքը պետք է քաղաքականապես գրագետ լինի, քանի որ հիմա Էրդողանը կխառնվի հայ համայնքի ներքին խնդիրներին՝ ինչը չարեց հանրաքվեից առաջ: Այն ժամանակ դա իրեն պետք չէր: Հիմա պատեհ ժամանակն է՝ սատարել Պոլսո Պատրիարքի տեղապահի ընտրությունների արդյունքում տեղապահ ընտրված  Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Պետք է ստեղծել հայկական ինքնության վերադասավորման պլատֆորմա՝ հարթակ, և այստեղ անգնահատելի է հայ եկեղեցու և Պոլսո Պատրիարքի դերը: 

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի