Սովորաբար արտագաղթի թեմայով ընդունված է խոսել այն ժամանակ, երբ հրապարակվում է կոնկրետ վիճակագրություն, թե ասենք այս կամ այն ամսում կամ այս կամ այն տարվա ընթացքում որքան մարդ է լքել Հայաստանն ու մուտք գործել երկիր: Այս առումով, պետք է նկատել՝ վիճակագրությունների պակաս մենք չունենք, ու հարկ եղած դեպքում միանգամայն հնարավոր է ասենք նույնիսկ օրերի ճշգրտությամբ վիճակագրական տվյալներ պեղել: Հարցը, սակայն, այստեղ վիճակագրությունը չէ: Համաձայնե՛ք՝ բնավ էլ պարտադիր չէ վիճակագրություն ընթերցել՝ համոզվելու համար, որ երկրում բնակչության արտահոսք է տեղի ունենում: Բավական է ընդամենը ուշադրություն դարձնել մեր շուրջը գտնվող մարդկանց, ծանոթների կամ բարեկամների տեղաշարժին, որպեսզի պարզ դառնա՝ երկիրը դատարկվում է:

ԱՎԾ վերջին տվյալներն, օրինակ, վկայում են, որ Հայաստանում անբարենպաստ իրավիճակ է տիրում ոչ միայն արտագաղի առումով, այլև գործազրկության իմաստով. գործազուրկ տղամարդկանց թիվը 2016 թվականի ընթացքում կազմել է 118 200, իսկ կին գործազուրկներինը՝ 103 300: Այսպիսով՝ ընդհանուր գործազուրկների թիվը 2016 թվականին Հայաստանում կազմել է 221 500: Զուգահեռ սրան 6.2%-ով նվազել է նաև զբաղվածների թիվն ու տնտեսապես ակտիվ մարդկանց թիվը՝ մոտ 7%:

Իրավիճակը մխիթարական չէ նաև Հայաստան ժամանողների ու այստեղից մեկնողների մասին վիճակագրության տեսանկյունից. վերջին 3 ամիսներին, օրինակ, Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել ավելի քան 41 000 ուղևոր: Ըստ որոշ տվյալների էլ՝ վերջին 10 տարիներին Հայաստանը հիմնավորապես լքել է ավելի քան 300 000 մարդ:

Շատերը արտագաղթի ֆենոմենը բացատրում են հայերիս մենթալիտետային առանձնահատկություններով. իբր մենք թափառել սիրող ազգ ենք, ու նույնիսկ, եթե Սինգապուր էլ լինեինք, միևնույն է՝ արտագաղթելու էինք: Իրականությունը, սակայն, միանգամայն այլ է. արտագաղթն ունի երկու հիմնական պատճառ՝ սոցիալական ու հոգեբանական: Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, բայց Հայաստանի պարագայում չդադարող արտագաղթի հիմնական պատճառը հոգեբանականն է. հիմնականում այստեղից արտագաղթում են տնտեսապես ակտիվ քաղաքացիները, բնակչության արարող, ստեղծող սեգմենտն, այնինչ աղքատները հիմնականում կառչած են մնում իրենց մայր հողից: Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է միջին խավը լքել երկիրն այն պարագայում, երբ, ըստ էության, ապրուստի հայթայթման խնդիր չունի, իսկ աղքատները, որ ունեն նման խնդիր, մնան:

Պատասխանն առավել քան ակնհատ է՝ պատճառը հոգեբանական է. երկրում վստահության մթնոլորտ չկա, ապագայի հանդեպ հավատ չկա, մարդիկ չգիտեն՝ վաղն իրենց հետ ինչ է լինելու, չունեն որևիցե տեսակ երաշխիք: Իսկ մնալ Հայաստանում այս պայմաններում այն պարագայում, երբ դրսում շատերին այդ երաշխիքները տրվում են, իմաստ չունի ուղղակի: Արդյունքում՝ Հայաստանում մնում են ծայրահեղ աղքատներն ու ծայրահեղ հարուստներն, ու երկիրը վերածվում է լատինաամերիկյան տիպի փոքրիկ մի պետության, ուր կողք-կողքի կարելի է տեսնել չքավորությունն ու հարստությունը, սովն ու շվայտությունը. Հայաստանը բոլորիս աչքի առաջ հյուծվում է, գոլորշիանում:

Թե ինչպես կարելի է այս ամենի դեմն առնել, իհարկե, խոսել կարելի է երկար, կարելի է ժամերով թվարկել այն հաջորդական քայլերը, որոնք կարող են երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից: Բայց հարցն այստեղ այն է, որ այդ քայլերն անող չկա, անգամ անել փորձող չկա, ու ամեն բան ինքնահոսի է թողնված: Արդյունքում, երկու տասնամյակ հետո՝ 1 միլիոնանոց երկիր ենք լինելու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ