Մի խումբ հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ու բնապահպան Կարինե Դանիելյանը, նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրված Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի դեմ։

 

Բացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, նամակն ուղարկվել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի խորհրդի բոլոր անդամներին, ինչպես նաև այն պետություններին, որոնք առաջադրել են թեկնածուներ։

 

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում են ևս ութ պետությունների ներկայացուցիչներ։

 

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այդ փաստը կարևոր է ոչ միայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար, այլ նաև այլ պետությունների համար։

 

«ՅՈւՆԵՍԿՕ-ն իր տասնամյակների աշխատանքի ընթացքում բավականին մեծ համբավ է ձեռք բերել, որպես մշակութային, գիտական և այլ արժեքների ջատագով։ Մենք այդ նամակով ակնկալում ենք, որ հանկարծ չընտրվի այնպիսի ղեկավար, ով ակտիվ պայքարում է այդ արժեքների դեմ»,- ասաց Ալավերդյանը։ Նրա խոսքով՝ կարծես թե շատերն են միանում նամակներ ուղարկելու նախաձեռնությանը' ոչ միայն կազմակերպություններ, այլ նաև անհատներ։

 

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ ադրբեջանցիներն ու թուրքեր ը ամեն ջանքեր են գործադրում, որ մտնեն միջազգային կառույցների՝ հատկապես ՄԱԿ-ի աշխատակազմ։
«ՄԱԿ-ի կառույցների հետ մեր կազմակերպությունն աշխատում է և, երբ գնում ենք մեծ միջոցառումների, գիտաժողովների կամ քննարկումների, ապա անպայման տեսնում ենք, որ կազմակերպիչը կամ քարտուղարը, կամ թուրք է կամ ադրբեջանցի։ Ամեն տեղ, անգամ մի փոքր հնարավորության դեպքում հարցերը լուծվում են հօգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի»,- ընդգծեց Դանիելյանը։ Նա ցավով նշեց, որ ունենալով մեծ սփյուռք՝ Հայաստանը քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ։

 

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին կոչ է անում ազդեցությունը ուժեղացնելու համար ՄԱԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի և անդամ-երկրների գրասենյակները ռմբակոծել նամակներով։

 

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին աչքի է ընկել իր հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությամբ ու գործելաոճով: Նա «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ճանապարհներն ապացուցել են իրենց անարդյունավետությունը, հետևաբար Բաքուն պատրաստ է ընտրել ռազմական ուղին: Բացի դրանից, Բյուլբյուլօղլիի՝ Ադրբեջանի մշակու յթի նախարար եղած ժամանակ են ավերվել Նախիջևանի հայկական խաչքարերը: