Հայաստանում, ցավոք, հետընտրական պրոցեսները սովորաբար կրում են ոչ միայն քաղաքական բնույթ, այլև, որ ցավալի է, նաև շուկայական. հայաստանյան բարի ավանդույթ է՝ ընտրություններից հետո շուկայում առանձին ապրանքատեսակների գներն այնպիսի թռիչքաձև աճ են արձանագրում, որ թվում է՝ մի քիչ էլ, ու ուտելը դառնալու է բացառապես մեծահարուստների մենաշնորհը: Հետընտրական թանկացումները մի յուրօրինակ առանձնահատկություն ևս ունեն. դրանք, որպես կանոն, տնտեսագիտորեն հիմնավորված չեն լինում ու կրում են բացառապես կամայական բնույթ: Այս իմաստով՝ պետք է նկատել, որ թանկանում են հատկապես այն լայն սպառման ապրանքատեսակները, որոնց ներկրողները մոնոպոլ դիրքեր են զբաղեցնում շուկայում. բանանն, ինչպես հասկանալի է, այդ ապրանքատեսակներից մեկն է: 


Մասնավորապես՝ ինչպես փաստում են դաշտում կատարված ուսումնասիրությունները, հետընտրական այս շրջանում գները սարսափելի աճել են հատկապես Միհրան Պողոսյանի մենաշնորհը համարվող՝ Հայաստանի բանանի շուկայում. եթե նախկինում բանանը վաճառվում էր 650-680 դրամով, ապա ընտրություններից հետո թանկացավ՝ դառնալով 730-750 դրամ: Իսկ հիմա էլ բանանի 1կգ-ն վաճառվում է մի ամբողջ 850 դրամով, ու եթե այսպես շարունակվի, ապա հեռու չեն այն ժամանակներն, երբ Հայաստանում բանանի կիլոգրամը կկազմի 1000 դրամ:


Թե ինչի հետ է կապված Պողոսյանին պատկանող շուկայում սկիզբ առած այս անբարեհույս պրոցեսը, թերևս կարող է չկռահել միայն հայաստանյան ռեալներին անտեղյակ մեկը. պատճառը միանգամայն «օբյեկտիվ» է. փողերը հետ բերելու ժամանակն է, ու հիմա արվում է ամեն բան՝ հնարավորինս արագորեն վերականգնվելու համար: Կարճ ասած՝ ժողովրդին բաժանած ընտրակաշառքները պետք է փոխհատուցվեն նույն ժողովրդի գրպանից. կաղքատանան, եթե հանկարծ գործի չդնեն հին ու փորձված մեթոդները: Ի դեպ՝ այս ամենի հետ կապված՝ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է ՏՄՊՊՀ-ն: Վերջերս այդ կառույցի ձայնը կարծես այնքան էլ լսելի չէ մեզանում…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ