Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն, այսօր խոսելով դպրոցներում առկա խնդիրների մասին, առանձնացրեց հատկապես դպրոցական խորհուրդների խնդիրը, որը լուրջ բեռ է դարձել կրթական համակարգի համար. «Մենք ստեղծեցինք դպրոցական խորհուրդները, որպեսզի դպրոցներն անկախացնենք, բայց, ցավոք սրտի, դպրոցների խորհուրդները շատ համայնքներում դարձան կամակատարներ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նման դպրոցական խորհուրդները դառնում են չարիք:

 

Կրթական համակարգում առկա բացերից  նախարարը Մկրտչյանը շեշտեց նաև վերջին դասի հետ կապված դրամահավաքները բացառելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ արդեն միայն շրջաբերականներ տարածելով չեն բավարարվելու. «Հիմա մեր թեժ գծերը կպայթեն, բազմաթիվ են զանգերը տարբեր տիպի դրամահավաքների հետ կապված: Մենք պարտավոր ենք բացի տարբեր շրջաբերականների տարածումը, նաև այլ քայլերի դիմել և դա անել մարզպետարանների և քաղաքապետարանների հետ համատեղ»:

 

Ըստ Լևոն Մկրտչյանի՝ սովորաբար դրամահավաքները իրականացնում են ծնողական կոլեկտիվները, սակայն փաստ է, որ ծնողական կոլեկտիվը միայն ծնողկոմիտեի նախագահը չէ. «Շատ դպրոցներում ծնողկոմիտեի նախագահները սերտաճում են դպրոցների տնօրենների հետ՝ կատարելով նրանց պատվերները: Ուստի, կամ պետք է փոխեն իրենց ձեռագիրը, կամ կվերանայենք իրենց գործունեությունը»:

Աղավնի Սուքիասյան