Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժը միջամտի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

Արաբագետ Վարդան Ոսկանյանը ԼՈւՐԵՐ. com-ի զրույցում նշեց, որ Հոսեյն Դեհղանի ուղերձն ուղղված է Ադրբեջանին, ում կոչ են անում չխախտել պայմանավորվածությունը. «Երրորդ կողմ անվան տակ Իրանն ի նկատի ունի Թուրքիային, որը վերջին շրջանում հաճախակի է բարձրաձայնում իր պատրաստակամությունն՝ Արցախի հարցում որպես միջնորդ հանդես գալու համար»:

Ըստ իրանագետի՝ Ադրբեջանը տարբեր գործընթացներում կողմ է արտահայտվում, որ Թուրքիան իր մասնակցությունն ունենա Արցախի հարցի կարգավորման գործընթացում՝ իրեն ձեռնտու տարբերակով. «Մենք գիտենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանն ունեցել է Թուրքիայի լայն աջակցությունը և նման աջակցություն կցանկանան ունենալ նաև այժմ»:

Հարցին՝ արդյո՞ք իրանական կողմը, երրորդ ուժ ասելով՝ սլաքներն ուղղում էր նաև արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ ակտիվ աշխատող Ռուսաստանին, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի միջև ծավալված հարաբերությունները հատկապես ռազմական ոլորտում՝ ես բացառում եմ նման բան: Երրորդ կողմը Թուրքիան է, որի ակտիվացմանը դեմ է նաև ռուսական կողմը, քանի որ դա նրա շահերից չի բխում: Կարծում եմ՝ Թուրքիային պարզապես թույլ չեն տա ակտիվանալ Արցախի հարցում՝ քանի որ դա չի բխում Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի շահերից»:

Եթե Թուրքիայի շուրջ այս հարցում օղակը սեղմվի, արդյոք հնարավո՞ր է՝ Թուրքիան գնա իրավիճակի սրման՝ Հայաստանի հետ սահմանին, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Հայաստանի սահմանի երկայնքով Էրդողանն ունի շատ լուրջ ընդդիմություն՝ ի դեմս քրդաբնակ ժողովուրդների և Թուրքիան Հայաստանի սահմանին ակտիվանալով, դեմ դուրս կգա Ռուսաստանին»: