Դատելով նյարդային պահվածքից, որ վերջին օրերին Արամայիս Գրիգորյանը դրսևորում է Արարատի մարզում, այս ընտրություններն իսկական տհաճ անակնկալ են դարձել նրա համար. մարդը, փաստացի, չի կարողացել իր առջև դրված պլանը ոչ միայն գերակատարել, ինչին հաճախ նման իրավիճակներում շատ չինովնիկներ ձգտում են, այլև՝ թերակատարել է: Ու հիմա, այս ամենից գազազած՝ փորձում է, իբր, պատժիչ գործողություններ իրականացնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր իր ու իր եղբոր օգտին չեն աշխատել. մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ օրերս աշխատանքից ազատվել է Մխչյան գյուղի դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը՝ նույն Գրիգորյանի կամայականության հետևանքով:

Այն, որ Հայաստանում չինովնիկական որոշակի շրջանակներում իշխող հոգեբանությունն ավելի շատ ֆեոդալական է, քան՝ մոդեռն, հայտնի է բոլորին: Մարզային չինովնիկների շրջանում այս երևույթը հատկապես ընդգծված բնույթ է կրում, ինչն, ըստ էության, պայմանավորված է աշխարհագրական որոշակի իրողություններով: Բայց՝ որ բանը կարող էր հասնել «վենդետային», բանը կարող էր հասնել կամայականություններին, քչերը կպատկերացնեին: Փաստորեն՝ Գրիգորյանն ինքն իր հոգու խորքում իրեն համոզել է, թե Արարատի մարզն իր ընտանեկան սեփականությունն է, ու ցանկացած մեկն, ով չի համապատասխանում այն «կլիշեներին», որոնք ինքն է այստեղ սահմանել, ուրեմն՝ պետք է պատժվի, օտարվի: Թե ինչ է սա նշանակում, իհարկե, հասկանալի է բոլորին, բայց՝ որ այս ամենի դեմը պետք է ինչ-որ կերպ առնել, անքննարկելի է. Արամայիս Գրիգորյանին պետք է հասկացնել՝ կամայականությունները տեղ չեն կարող ունենալ Հայստանում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ