«Ռուս զինծառայող Դմիտրի Լոշմանովի փախուստը ռուսական 102-րդ ռազմաբազայից գյումրեցիների մոտ, չեմ ասի խուճապ, բայց մեծ  անհանգստություն է առաջացրել: Երեկվանից ոստիկանությունը ստուգում է Գյումրու Մուշ թաղամասի բոլոր բնակարանները, երեկ երեկոյան արդեն նկատելի դարձավ, որ քաղաքում ոստիկանությունն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում: Մեծ է այս պահին ոստիկանների թիվը քաղաքում, անգամ ուղղաթիռներ են պտտվում Գյումրու երկնքում, իսկ սա նշանակում է, որ իրոք՝ ռուսական և հայկական իշխանությունների մոտ անհանգստությունը գնալով խորանում է»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը: 

 

Վերջինս նշեց, որ քաղաքի ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը հատկապես դպրոցների, ուսումնական հաստատությունների մուտքերի մոտ, ինչպես նաև քաղաքի մարդաշատ հատվածներում: Հարցին՝ արդյո՞ք քաղաք են ժամանել նաև Երևանից հատուկ ուժայիններ, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Մինչ այս պահը Գյումրիում վերահսկողությունն իրականացնում են Գյումրու ոստիկանները: Հուսամ՝ բանը չի հասնի նրան, որ նոր ուժեր ներգրավելու կարիք զգացվի, կամ ստիպված լինեն որոշ ժամանակով փակել ուսումնական հաստատությունները, թեև մինչ այս պահը հարցական է մնում ամենակարևոր հարցը՝ զինվորին երբ կգտնեն»:


Գագիկ Համբարյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե Վալերի Պերմյակովի փախուստից հետո ռուսական կողմը հայտարարում էր, որ ռազմաբազան լքած զինվորը սովորական ժամկետային զինծառայող է, ապա Դմիտրի Լոշմանովի պարագայում հայտարարում են, որ նա պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայող է: «Փաստորեն, նույնիսկ պայմանագրային զինծառայողների պարագայում՝ Գյումրու 102-րդ ռազմաբազայում վերահսկողությունը խիստ կաղում է»:


Աղավնի Սուքիասյան