Հասարակությունը օր օրի սկսել է գիտակցել, որ Կարեն Կարապետյանն էլ ոչինչ անել չկարողացավ: Հայաստանը Սինգապուր դարձնող Կարեն Կարապետյանի խոսքերը ոչ միայն գործեր չեն դառնում, այլ՝ հակառակը. ավելի է վատանում իրավիճակը:

 

Բոլորս հիշում ենք, որ Ռուսաստանից եկող «տեխնոկրատ» վարչապետի հետ հույս էին կապում բոլորը: Սեպտեմբերին վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ բոլոր գործարարները լինելու են հավասար: «Բոլորի համար լինելու է խաղի նույն կանոնը»,-մոտավորապես այս տողերն էր ասում վարչապետը՝ «սիգնալ» տալով:

 

Տնտեսության «սիգնալները տալու» մեկնարկը համարենք այն, որ նշանակումից մեկ ամիս անց՝ բենզինը զգալի էժանացավ: Այդ օրերին բենզինի գնի էժանացման մասին խոսում էին վարորդները, փաստելով սակայն, որ չնայած էժանացմանը, բենզալցակայաններում խաբում են հաճախորդներին: Ինչևէ, կարճ ժամանակ անց՝ բենզինի գինը կրկին հասավ նախկին 400 դրամին:

 

Ո՞ւմ է պատկանում բենզինի մոնոպոլիան՝ Հայաստանում: Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին՝ «Ֆլեշի Բարսեղին»: Փաստենք և անցնեք առաջ:

 

«Բոլորը կարող են ներկրել իրենց ուզած ապրանքը»:

 

Կարեն Կարապետյանի հաջորդ սիգնալը, կամ, որ ավելի ճիշտ կլինի նկատել՝ «պիբիփը», ոգևորեց հասարակությանը: Մի քանի ամիս շարունակ խոսվում էր, որ մի երիտասարդ մի քանի «ֆուռ» բանան է ներկրում Հայաստան: Ի՞նչ եղավ հետո: Մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ բանանի մենաշնորհ ունեցող, օֆշորային հայտնի սկանդալում հայտնված, գեներալ Միհրան Պողոսյանն անձամբ է գնել այդ մի քանի «ֆուռ» բանանն ու «բարեկամաբար» հորդորել մյուս անգամ «նման ղալաթ չանել»: 

 

Հիմա՝ էլ ո՞վ է բանան ներկրում: Ոչ ոք: Իսկ ո՞վ է Միհրան Պողոսյանը: Սերժ Սարգսյանի կադրն է, կամ, այսպես ասած՝ «լյուբիմչիկն է»: Ի դեպ, մի քանի օր է, ինչ խանութներում թանկանում է նաև բանանը:

 

Փաստենք նաև այն, որ վարչապետի խաղի այս կանոնն էլ չաշխատեց: Ոչ ոք չի կարող Հայաստան ներկրել առաջին անհրաժեշտության ապրանք, եթե այն ներկրում են օլիգարխներն ու գեներալները:

 

Վարչապետի այս «ազատականացումն» էլ փուչիկ դուրս եկավ, որը պայթելու համար մի քանի ամիս պահանջվեց:

 

Ամեն հինգշաբթի վարչապետը կզայրանա ու «գազ կտա», կհորդորի իր կառավարությանը՝ «դուխով հուփ տալ», բայց այդ ընթացքում Սամվել Ալեքսանյանը կթանկացնի շաքարավազը, Բարսեղ Բեգլարյանը՝ բենզինը, Միհրան Պողոսյանը՝ բանանը:

 

Իսկ ինչի՞ հետևանք է այս ամենը: Կարծես թե պայման է խախտվել: Սերժ Սարգսյանի ենթակայության տակ գտնվող օլիգարխիան անում է այն, ինչ ուզում է, այդ կերպ՝ սուտ հանելով Կարեն Կարապետյանին:

 

Այս կերպ, Սերժ Սարգյանը Կարեն Կարապետյանին թողնում է միայնակ, «թե տղա ես, սիգնալ տուր»: Բայց միայնակ մնացած Կարապետյանի սիգնալները չեն աշխատում: Տնտեսության քայքայված լինելն ու աղքատությունը շարունակում են մնալ օրակարգի հիմնական խնդիր: Որքան կդիմանա Կարապետյանը միայնության մեջ, ցույց կտա ժամանակը:

 

Արսեն Սանամյան