Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի եւ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկի միջեւ, որոնք վերաբերվում են Թուրքիայի դեմ Ռուսաստանի հայտարարած պատժամիջոցների վերացմանը:
Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրություններում, կողմերը պայմանավորվել են առավելագույնս կարճ ժամկետներում վերացնել պատժամիջոցները: Սա ուղղակի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

Խնդիրն այն է, որ այդ պատժամիջոցների շնորհիվ մեր արտադրողները որոշակիորեն ավելացրել էին արտահանումները դեպի Ռուսաստան: Խոսքը մասնավորապես բանջարեղենի եւ թեթեւ արդյունաբերության արտադրանքի մասին է: Թուրքական որոշ ապրանքներ ներմուծվում էին Հայաստան եւ հայկականի անվան տակ վերաարտահանվում Ռուսաստան, ինչը եւս դրական ազդեցություն էր թողնում մեր տնտեսության վրա: Եթե ռուս-թուրքական բանակցությունները հաջող ավարտվեն, եւ պատժամիջոցները վերացվեն, հայ արտադրողներն ու վերաարտահանողները շոշափելի կորուստներ կկրեն:

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը անշուշտ որևէ դրական բան Հայաստանի համար չի խոստանում: Սակայն ողջ խնդիրը կայանում է նրանում, որ մենք ի զորու չեղանք մեզ համար ստեղծված իրադրությունից համապատասխան օգուտները քաղել, իսկ իրադրությունը եզակի էր և ավելի քան բարենպաստ. Մի կողմ դնելով հարցի տնտեսական ասպեկտը, պետք է փաստել, որ անգամ քաղաքական մակարդակում հաջողություններ չարձանագրեցինք: Եվ դա այն պայմաններում, երբ Ռուսաստանում ակտիվացել էին հայկական հարցի և հայ–թուրքական խնդիրների վերաբերյալ քննարկումները:

Մյուս կողմից մեր անհաջողությունների պատճառները պետք է փնտրել հենց մեր մեջ: Մեզանում, չգիտես ինչու, արմատացած է այն տեսակետը, որ, եթե այսինչը այնինչի հետ լավ եղավ կամ վատ, դրանից մենք օգուտ ենք քաղելու կամ տուժելու ենք: Մեր խոցելի կողմերից մեկն էլ այն է, որ մեր գործերը թողած, մտածում ենք՝ այսինչ երկիրը մյուսի հետ վատացա՞վ, թե՞ լավացավ: Մեր այս հատկությունը հանգեցրել է մշտապես անցանկալի արդյունքի: Չենք տալիս կարևոր հարցի պատասխանը՝ ի՞նչ ենք մենք ուզում, ի՞նչ նպատակ ենք հետապնդում, որ զինվորագրվենք դրա իրականացմանը: Քանի որ այս ճանապարհով չենք գնում, որպես կանոն, հաջողություն էլ չենք արձանագրում: Մեր ունեցած փոքր հնարավորությունները պետք է օգտագործել և անկախ մյուս երկրների մերձեցումից կամ հեռացումից, հստակ ռազմավարություն մշակել: Փաստ է, որ մեր տնտեսությունը «ճմռթված» վիճակում է, սակայն քաղաքական էլիտան ամենևին էլ մտահոգված չէ, նա մտածում է բացառապես իր անձնական շահերը սպասարկելու մասին: Ստացվել է այնպես, որ մեր շրջանառության գրեթե 85 %-ը պայմանավորված է ՌԴ-ով: Սա մի շուկա է, որը, ըստ էության, «կլանում» է մեր ստեղծածը: Իսկ մենք այդ շուկան այդպես էլ ի զորու չեղանք յուրացնել:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ