Սերժ Սարգսյանի համար ամենահարմար եւ հնարավոր վարչապետի թեկնածուն 2017թ-ի ապրիլից մինչեւ 2018թ-ի ապրիլի 9-ը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է: Այդ նպատակով է Վիգեն Սարգսյանի ուղղությամբ տաժանակիր ջանքեր գործադրվում, որ հանրային ընկալումը պատրաստ լինի այդպիսի խոշոր փոփոխությունների:

Այդ ջանքերը անշուշտ կենտրոնացած են Վիգեն Սարգսյանի կողմից առաջ քաշված Ազգ-բանակի կոնցեպցիայի շուրջ: Թեև այս գաղափարը հանրային լուրջ քննարկումների առիթ դառնալով, այդպես էլ չարմատավորվեց հասարակության գիտակցության մեջ և 1000 դրամների աղմկահարույց նախաձեռնության ֆոնին անգամ քննադատության արժանցավ, այնուամենայնիվ, Վիգեն Սարգսյանի քաղաքական այցեքարտը:

Ապրիլի 20-ին Երևանում տեղի կունենա Ազգ-բանակ 2017 թեմայով համաժողով, որը պաշտպանության նախարարությունը կազմակերպում է կրթության և գիտության նախարարության հետ միասին: Այս միջոցառմանը ներգրավված է լինելու գրեթե ողջ կրթական համակարգը: Մի համակարգ, որը էականորեն վարկաբեկվեց, հետընտրական փուլում ջրի երես դուրս եկած բացահայտումների արդյունքում: Կրթության ու գիտության համակարգը լուրջ ազդեցություն ունեցող վարչական լծակ է և ռեսուրս: Իր հերթին ազգ-բանակ գաղափարը Վիգեն Սարսգյանի ՝ ակտիվ քաղաքականության մուտքի հիմնական բաղադրիչն էր: Ընդ որում, ըստ Վիգեն Սարգսյանի՝ «Ազգ- բանակը» սպառողական բրենդ չէ, այլ գաղափարախոսություն, որի շուրջ թե իշխանություն, և թե ընդդիմություն պետք է կառուցեն իրենց քաղաքականությունը:

Այսօր հայաստանյան քաղաքական դաշտը աչքի է ընկնում ներիշխանական կուլիսային լարվածությամբ, որի պատճառը թերևս՝ վարչապետի թեկնածուի շուրջ իշխող վերնախավի տեսակետների տարբերությունն է: Թեև ՀՀԿ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում իրենց թեկնածուն միանշանակ Կարեն Կարապետյանն է լինելու, այնուամենայնիվ, այս առանցքային պաշտոնի հարցը դեռ իր հանգուցալուծումը չի գտնում:

Եթե գործող նախագահը ինչ-ինչ պատճառներով չցանկանա կամ չկարողանա զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ապա այդ պաշտոնում Սերժ Սարգսյանը կցանկանա տեսնել հենց Վիգեն Սարգսյանին, այլ ոչ թե՝ Կարեն Կարապետյանին, իսկ պատճառը ակնհայտ է՝ Վիգեն Սարգսյանը ի տարբերություն Կարեն Կարապետյանի, տարիներ ի վեր եղել է նախագահի թիմի կարկառուն ներկայացուցիչը: Հետևաբար՝ նաև հանրապետականի ներսում նա ավելի ընկալելի կլինի, քան՝ Կարեն Կարապետյանը, ով կարծես այդպես էլ չադապտացվեց կուսակցական լինելու ոգուն և իմիջին:

Վիգեն Սարգսյանը արդեն իսկ գործի է անցել, ջանալով իրեն դիրքավորել ոչ միայն ՊՆ նախարար, դա է պատճառը, որ վերջինիս կողմից ավելի ու ավելի հաճախ են առաջ քաշվում տնտեսական բնույթի կոնցեպցիաներ: Ազգ–բանակ պրոեկտը Վիգեն Սարգսյանին հնարավորություն է ընձեռում միանշանակ օրինական կերպով մուտք գործել բոլոր ոլորտներ: Եվ, կարծես թե, առաջին ոլորտը հենց կրթականն է: Չպետք է մոռանալ, որ այս ոլորտը գտնվում է ՀՀԿ կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ վերահսկողության ներքո, իսկ վերջերս քաղաքական կուլիսներում տարատեսակ շշուկներ տարածվեցին առ այն, որ Կարեն Կարապետյանը այնքան էլ ոգևորված չէ դաշնակցականների հետ կրկին անգամ կոալիցվելու գաղափարով:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ