Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) կողմից ներկայացված ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքները չեղարկելու վերաբերյալ դիմումը:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Մերժմանն ի պատասխան՝ CHP-ն հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները չեղարկելու հայցով պատրաստվում է դիմել Թուրքիայի վճռաբեկ, ապա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է նաև Թուրքիայի «Հայրենիք» և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների հանրաքվեի արդյունքների չեղարկման վերաբերյալ դիմումները:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթել է «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»' 48,59 տոկոսը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կառավարման նախագահական համակարգի և նախագահի լիազորությունների նշանակալի ընդլայնում: