Գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտության մասին շատ է խոսվել: Գրեթե բոլոր մակարդակներով բարձրաձայնվել է այն մասին, որ պետք է արվի ամեն բան՝ խրախուսելու հայ գյուղացու արարելու, ստեղծելու ձգտումն ու զարգացնելու նրա մեջ այդ ջիղը: Ավելին՝ հաճախ են բողոքում, թե ինչու է գյուղացին հաճախ թողնում հեկտարներով հողն անմշակ ու անցնում վարձու աշխատանքի:

Հարց՝ նրանց, ովքեր, այնուամենայնիվ, այս երևույթը պայմանավորում են բացառապես սուբյեկտիվ գործոններով՝ իսկ ի՞նչ պետք է անի հայ գյուղացին մի պարագայում, երբ իր կողմից մշակված բերքի արգասիքն այդպես էլ չի տեսնում. աշխատում է, վարուցանք անում, աճեցնում, իսկ հետո բերքը տանում ու լցնում առուները: Ի՞նչ ճանպարհ է այդ մարդկանց առաջարկում պետությունը. ոչ մի:

Ապրիլի 20-ին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպվել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները՝ պահանջելով կառավարությունից լուծել իրենց խաղողի գումարի հարցը. «Վինար» ընկերությունը, պարզվում է՝ մինչև հիմա չի տվել գյուղացիների հասանելիք խաղողի մթերման գումարները՝ մոտ 70 մլն դրամ: Բայց արի ու տես, որ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, փոխարենը՝ մարդկանց խնդրին սրտացավ վերաբերմունք ցույց տալու, խոսելով գյուղացիների հետ խնդրի վերաբերյալ, շտապել է նրանց մեղադրել, թե ինչու են «Վինարին» խաղող հանձնել՝ առաջարկելով նրանց «Վինարի» սպիրտը տանել գումարի փոխարեն: Համաձայնե՛ք՝ բացառիկ հոգատարություն:

Ի՞նչ որակում կարելի է տալ այս ամենին մի պարագայում, երբ գյուղատնտեսության նախարարությունն ի սկզբանե պարտավոր էր անել ամեն ինչ՝ նման խնդրի գոյությունն անգամ բացառելու համար: Սա, ըստ էության, անտարբերության հերթական դրսևորում է այն մարդկանց նկատմամբ, որոնց եկամտի միակ աղբյուրը մթերումից ստացվող գումարն է հանդիսանում: Հետո էլ ոմանք կոչ են անում հայրենասեր գտնվել ու ասենք չարտագաղթել: Եթե մարդիկ նման վերաբերմունքի են արժանանում, մնան՝ ի՞նչ անեն, առավոտից երեկո Իգնատի Առաքելյանի գլո՞ւխը տանեն. բա մե՞ղք չի էդ մարդը...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ