Երևան-Ստեփանակերտ չվերթը, թվում է՝ այդպես էլ իրականություն չի դառնա, միակ պատճառը, թերևս, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն է: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հանրապետության քաղավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը ևս օդանավակայանը չգործարկելու միակ պատճառը քաղաքականությունը համարեց«Այլ պատճառ չկա: Օդանավակայանը վաղուց պատրաստ է գործել՝ ընդունել և ճանապարհել ինքնաթիռները, անձնակազմը ևս պատրաստ է: Ամեն ինչ պատրաստ է, պարզապես չի գործում քաղաքական պատճառներով», - ասաց նա:

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ մի օր կգործարկվի Ստեփանակերտի համար խիստ անհրաժեշտություն համարվող օդանավակայանը. «Մի օր երևի մեզ համար էլ պատուհան կբացվի և կսկսենք թռիչքներ իրականացրել Ստեփանակերտի օդանավակայանից: Այն ժամանակ, երբ աշխատում էի օդանավակայանում, արտասահմանից եկած մի քանիսը բարձրացան օդանավակայանի աշտարակը, հիացած մնացին տեսարանից, և հարցրին. եթե մեքենաները կարող են գնալ-գալ, ապա ինչո՞ւ ինքնաթիռը չի կարող թռչել:

Եվլախի (Ադրբեջանի քաղաքներից մեկը) օդանավակայանը ժամանակին Հայաստանից «Տրեստարմավիառեմստրոյ» շինարարական կազմակերպությունն է կառուցել: Հիմա ես հարց եմ ուղղում՝ ինչո՞ւ Եվլախի ժողովուրդը կարող է թռչել ինքնաթիռով, բայց Ստեփանակերտից թռչելու իրավունք չկա»:

Նրա խոսքով՝ հիմա էլ նույն պատճառներն են՝ ինչ տարիներ առաջ. «2010 թ. մայիսի 9-ին, երբ պատրաստվում էինք թռիչք իրականացնել, այդ ժամանակ նախագահն ասաց, որ առաջին ուղևորն ինքն է լինելու, սակայն, թռիչքն այդպես էլ չկայացավ: Կարծում եմ՝ հիմա նույն են պատճառները, այն ժամանակվանից մինչև հիմա ունենք այդ խնդիրը»,- ընդգծեց Ադբաշյանը:

Նշենք՝ 1974 թ. կառուցված, սակայն 1992 թ. փետրվարին արցախյան պատերազմի պատճառով գործունեությունը դադարեցրած Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքները սկսվել էին 2008-ին: Այն պետք է գործարկվեր 2011 թվականի գարնանը: Սակայն հետագայում անորոշ ժամանակով հետաձգվում է, պաշտոնական վարկածով, զուտ միայն տեխնիկական պատճառներով, սակայն կան կարծիքներ, որ օդանավակայանի բացումը անընդհատ հետաձգվում է քաղաքական պատճառներով։

Սոնա Հարությունյան