Մամուլում այսօր տեղ գտած տեղեկությունների համաձայն, կառավարությունն ակտիվ փնտրտուքների մեջ է, վարչապետ Կարեն Կարապետյանը գնորդներ է փնտրում՝ պետական մի շարք շենքեր, այդ թվում ԳԱԱ նախագահության շենքը մասնավորեցնելու համար:

Միաժամանակ, շարունակում է օրակարգում մնալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի վաճառքի հարցը: ԳԱԱ շենքի հետ կապված իրավական ընթացակարգ դեռևս չի սկսվել, չկան համապատասխան որոշումների նախագծեր, անգամ այս ամենը լայն քննարկման առարկա դեռ չի դարձել զուտ մեկ պատճառով, դեռևս չկա գնորդը և երբ այն հայտնվի, մի քանի օրում կլուծվեն նաև փաստաթղթային խնդիրները: Այս ամենի նպատակը մեկն է՝ հնարավորինս շատ գումար բերել բյուջե, քանի որ տնտեսության հաշվին պետական գանձարանը լցնելը գնալով դժվարանում է»:

Նախկին կառավարությունների պրակտիկան, որը անգամ մեծ ցանկության դեպքում դժվար է համարել հաջողված և արդյունավետ, փաստորեն շարունակվում է նաև նոր կառավարության օրոք: Բիզնես մտածողությունը անշուշտ լավ բան է, մեր դեպքում թերևս անհրաժեշտ: Սակայն արդյոք այդ բիզնես մտածողությանը տուրք տալը իր հերթին ենթադրում է մայրաքաղաքի արտաքին տեսքը, մշակութային արժեքների պահպանումը երկրորդական պլան մղել:

Արդյոք ժամանակը չէ, նման որոշումներ կայացնելուց հաշվի առնել նաև հանրության կարծիքը, Երևանի իրական տերերի կարծիքը, որը տարիներ շարունակ առհամարվել է իշխանությունների կողմից: Դա է պատճառը, որ բոլորիս սիրված Երևանից այսօր մնացել են միայն հուշեր: Կոմերցիոն շահի հետևից ընկնելով լուրջ հարվածի տակ ենք դնում մեր սեփական դիմագծի պահպանումը, և այս երևույթը վերջին շրջանում տարածում է գտնում:

Նմանատիպ կամայականությունների ականատես ենք լինում նաև մարզերում: Եվ, կարծես թե մեզ համար էլ սովորական է դարձել, երբ մեր քաղաքի դիմագիծը մի քանի քոռ կոպեկի համար աղճատում են առանց մեր կարծիքը հաշվի առնելու: Այնպես որ, իշխանությունների նման գործելաոճի մեջ մեղավոր ենք նաև ինքներս: Սա յուրաքանչյուր Երևանցու խնդիրն է՝ պահպանել իր քաղաքի և իր սեփական ինքնությունը, թույլ չտալ որպեսզի նման արժեքը դառնա կոմերցիոն գործարքի մի մաս…


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ