Ճիշտ է՝ գրեթե բոլորին է հայտնի, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտ զուտ ֆիզկապես՝ գոյություն չունի, ու շատ քաղաքական գործիչներ վաղուց վերածվել են իսկական խեղկատակների, սակայն հետևելով երբեմն այս կամ այն «ընդդմադիրի» գործունեությանն ու կատարած ամպագոռգոռ հայտարարություններին՝ ոմանց մոտ կարող է թյուր տպավորություն ստեղծվել, թե ընդդիմադիր դաշտի չգոյության վերաբերյալ խոսակցությունները մի փոքր չափազանցված են, ու դեռևս ամեն բան չէ, որ կորսված է:

Սակայն բավական է մի փոքր ուշադիր լինել, փորձել անաչառորեն վերլուծել իրավիճակը, որպեսզի պարզ դառնա, որ իրականում իրավիճակն իրոք ողբալի է, իսկ նրանք, ովքեր իբր հանդես են գալիս իշխանություններին ընդդիմացողների, քննադատողների դերում իրականում տառացիորեն 100%-ով վերահսկվում են Բաղրամյան 26-ի կողմից՝ ըստ էության՝ հանդիսանալով մասնավոր քաղաքական պրոյեկտ:

Իսկ ինչ է սա նշանակում: Սա նշանակում է մեկ բան՝ Հայաստանում քաղաքական դաշտը, համենայն դեպս՝ դրա ընդդիմադիր հատվածը, վերածված է կրկեսային բեմի, ուր մի քանի խեղկատակ փորձում են իրենց տերերին ամեն գնով համոզել, որ ինչ-որ բանում կարող են նրանց պիտանի լինել՝ այդպիսով արդարացնելով իրենց գոյությունը քաղաքականության մեջ. կոկորդ են պատռում, իբր քննադատում, գոռում-գոչում, սակայն, արդյունքում ընդամենը օդ տատանողների դերում են հայտնվում՝ խաբելով նախևառաջ ժողովրդի այն հատվածին, որ միամտաբար համակրանք է տածում իրենց նկատմամբ:

Թե ինչով կարող է այս վիճակը հղի լինել Հայաստանի համար, ավելորդ է բացատրելը. սա, ըստ էության, ճանապարհ է դեպի չգոյություն, քանի որ այնտեղ, ուր չկա նորմալ, կենսունակ ու, ամենակարևորը, իրական ընդդիմություն, այդտեղ չի կարող լինել կենսունակ պետական համակարգ. այն հետզհետե կորցնում է իր իմունիտետը:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ