2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործության ընթացքում համաժողովրդական շարժման մասնակից Ռոբերտ Բաղդասարյանը հրազենային վնասվածք էր ստացել:
Ռոբերտը աջ ոտքի ներքևի մասում ոտնաթաթից վիրավորվել է Մարտի 1-ի երեկոյան Պարոնյան-Լեո խաչմերուկում, որից հետո անմիջապես տեղափոխվել է Էրեբունի Բ/Կ և ստացել բուժօգնություն.

«Ստացել եմ հրազենային վնասվածք, բայց ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ տեսակի զենքից եմ վիրավորվել, դատաբժշկական փորձաքննությունը գաղտնի է պահել: Վիրավորվել եմ դիմահար կրակոցից, այնտեղից, որտեղ տեղակայված էին ոստիկանական ուժերը:

2009 թ. Մարտի 4-ին «Յոթի գործով» դատավարության ժամանակ որպես տուժող ցուցմունք եմ տվել դատարանում, որ Մարտի 1-ի երեկոյան ես վիրավորվել եմ ոստիկանների կողմից: Ես բավական մոտ եմ եղել կանգնած ոստիկաններին, ժողովուրդը եղել է իմ հետևում, ու կրակոցները եղել են դիմացից, այսինքն՝ ոստիկանների կողմից: Դա ես տեսել եմ, հակառակ դեպքում ՝ կվիրավորվեի թիկունքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռ. Բաղդասարյանը:

Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանի ապագայով մտահոգ ցանկացած մարդու քաղաքացիական պարտքն էր մասնակցել հանրահավաքներին, լինել շարժման մասնակից, որովհետև անտարբերությունը կործանման եզրին է հասցրել մեր երկիրը.

«Մարտի 1-ը չի էլ բացահայտվի, քանի դեռ իշխանափոխություն չի եղել, ու դա ես բնական եմ համարում այս իշխանության պարագայում, որովհետև ներկա պահին Հայաստանի արդեն երկրորդ անգամ չընտրված նախագահին ու իր կողմից ձևավորած կառավարությանը, բնականաբար, ձեռնտու չէ Մարտի 1-ի բացահայտումը, ո՞ւմ բացահայտեն, իրենք իրե՞նց»:

Ռոբերտ Բաղդասարյանն ավելացրեց, որ Մարտ 1-ի սպանդի հրամանը տվել են ներկա և նախկին նախագահները՝ Սերժ Ազատի Սարգսյանն ու Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, հետևաբար Մարտի 1-ը չի էլ կարող բացահայտվել:

Ավելացնենք, որ Ռոբերտն այժմ բնակվում է Նիդերլանդներում, և երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է Հայաստանը լքելու պատճառը, նա ասաց. «Իմ՝ Հայաստանում չբնակվելը կապված է և՛ հիասթափության, և՛ անձնական որոշ հարցերի հետ»: