Դաշնակցությունը հայտարարում է, որ ընտրություններից հետո կա նոր ձևակերպումների անհրաժեշտություն՝ կապված կոալիցիոն հուշագրի հետ: Նոր ձևակերպումների անհրաժեշտության մասին օրերս կրթության ու գիտության դաշնակցական նախարարն էր հայտարարել, իսկ ապրիլի 24-ին էլ դրա մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան:

Գլխավոր տրամաբանական հարցը, թերեւս, այն պետք է լինի, թե ինչ են բանակցում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն այդքան երկար, մինչդեռ մինչեւ խորհրդարանական ընտրությունները քաղաքական այս զույգն արդեն իսկ կոալիցիոն կառավարում իրականացնում էր: Այս իմաստով ընտրություններից առաջ եւ հետո իշխանության մեջ ուժերի հարաբերակցության առումով շատ բան չի փոխվել: Ընտրություններից առաջ եւս ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ուներ ԱԺ-ում, իսկ ՀՅԴ-ի հետ հուշագիր ստորագրելուց առաջ միանձնյա կառավարում էր իրականացնում:

Դժվար է ասել, թե ինչու է դաշնակցականների մոտ առաջացել կոալիցիոն հուշագիրը վերանայելու ցանկությունը, և որն ամենակարևորն է՝ ինչու հենց հիմա: Մի կողմից ՀՅԴ չի կարող չգնահատել ստեղծված քաղաքական իրադրությունը, որը տակավին տարբերվում է այն իրավիճակից որն առկա էր 2015-ի կոալիցիոն հուշագիրը ստարագրելու պահին: ՀՅԴ քաջ գիտակցում է, որ այսօր գործող իշխանություններն ավելի են շահագրգռված համագործակցության մեջ, և ՀՅԴ դերը այս պարագայում ավելանում է: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել էր, թե ՀՅԴ-ի հետ կոալիցիան անհրաժեշտ է, քանի որ մի շարք կարեւորագույն օրենքների ընդունման համար պահանջվում է պատգամավորների 3/5-րդի աջակցությունը :

Գուցե հենց այս աջակցության դիմաց էլ ՀՅԴ-ն ցանկանում է այդ կշիռը վերածել նաև կոալիցիոն հուշագրում կշռի աճի: Թե որ կետերի շուրջ է ՀՅԴ-ի մոտ անհամաձայնություն առաջացել՝ դժվար է ասել, քանի որ մինչ օրս որևէ բողոքներ ՀՀԿ կոալիցիոն գործընկերոջ ճամբարից չէին հնչել: Գուցե նման քաղաքական առևտրի նպատակը նոր կառավարությունում պորտֆելների թիվը մեկ-երկուսով ավելացնելու ՀՅԴ-ի ցանկությունն է: Սակայն այս մասին պնդելը միամտություն կլինի, քանի որ ՀՅԴ-ն անչափ փորձառու է իշխանության հետ գործակցության մասով և հասկանում է, որ այդ ամենը շատ հեղհեղուկ է: Թերևս դաշնակցականների նպատակը կոալիցիոն փոխկապակցվածության մեխանիզմների առումով սեփական դիրքերի ուժեղացումն է, ինչն իրականում ՀՅԴ-ն շատ ավելի լուրջ լծակներ կընձեռի, քան մեկ-երկու ավել նախարարական պորտֆելները:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ