Օրերս անդրադարձել էինք Արարատի մարզում հաստատված հետընտրական արատավոր մթնոլորտին, որի պատճառն Արամայիս Գրիգորյանի կողմից թույլ տրված կամայականություններն էին հանդիսացել: Ճիշտ է` Մխչյան գյուղի դպրոցի տնօրեն Աննա Ավագյանի ազատումն աշխատանքից փորձ էին անում ներկայացնել որպես ամենևին էլ քաղաքականության հետ որևիցե առնչություն չունեցող իրադարձություն, սակայն ի սկզբանե էլ պարզ էր, որ տեղի ունեցածը մարզպետի հաշվեհարդարն էր դպրոցի տնօրենի հետ` իր «դուդուկի տակ չպարելու» պատճառով:

Պարզվում է, սակայն, դպրոցի տնօրենն ամենևին էլ միակը չէ, ով տուժել է Արարատի մարզպետի անբռնազբոս պահվածքից: Մասնավորապես` հայտնի է դարձել, որ հիմա էլ Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչն է ստիպված լինելու մի կերպ համակերպվել գործազուրկ մնալու մտքի հետ. իր դեմ պոլիկլինիկայում հակաքարոզչություն իրականացնելու մեղադրանքներ հնչեցնելուց հետո' Արամայիս Գրիգորյանը կարողացել է հասնել նրան, որ Սերինե Հայրապետյանը պաշտոնանկ արվի` տիկնոջ դեմ ինչ-որ շինծու գործ սարքելու ճանապարհով:

Հարց` ե՞րբ հասցրեց Արամայիս Գրիգորյանը սեփականաշնորհել Արարատի մարզն ու այն դարձնել սեփական իշխանական կալվածքը մի պարագայում, երբ նա ընդամենը մի քանի ամիս է, ինչ զբաղեցնում է մարզպետի պաշտոնը: Կներե՛ք, բայց սա ընդամենը ֆեոդալական հասարակարգին բնորոշ կարգերի տգեղ դրսևորում է, անհեթեթ մի վիճակ, երբ մի մարդու կամայականություններից է կախված այն հարցը, թե ասենք այս կամ այն անձնավորության ճակատագրում ինչպիսի փոփոխություններ կլինեն: Լսել էինք, որ «վարչական չարաշահում» կոչվող երևույթ կա մեր երկրում, բայց որ բանը կհասներ «վենդետաներին», քչերը կարող էին պատկերացնել: Մեկը չկա` իմանա` ո՞նց անեն մարդիկ, որ չդառնան գիշատիչների գերի, որ մսացուի չվերածվեն ու չխժռվեն մեկի կողմից, ում պաշտոնեական ֆունկցիաներից մեկն էլ խաղի արդար կանոնների հաստատումը պետք է լինի: Ցավոք, Արամայիս Գրիգորյանը միայն իր սեփական խաղն է խաղում, ու, դատելով ամենայնից, չի պատրաստվում իր իսկ կողմից սահմանված կանոնները վերանայել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ