Այսօր Սահմանադրական դատարանում քննվում է «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի ներկայացրած հայցն՝ ընտրությունների արդյունքներն անվավեր համարելու պահանջով: Նիստի սկզբում դատարանը մերժեց Դաշինքի հայցապահանջն՝ ընտրությունների օրն անօրինական համարելու մասով՝ պնդելով, որ ընտրությունների օրը նշանակվել է առանց Ընտրական օրենսգրքի խախտումների: 

 

Դատական նիստին ներկա «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր խոսքը սկսեց՝ իր ունեցած զգացողությունները ներկայացնելով. «Այս պահին ես ունեմ դեժավյուի զգացում և, ցավոք սրտի, ամբողջ Հայաստանն ունի նման զգացում: Հետաքրքիր է, որ մենք ազգովի ամեն անգամ ընտրություններից հետո դիմում ենք դատարաններ, որտեղից մեզ պատասխանում են, որ ընտրությունների արդյունքները չեն կարող բողոքարկվել, քանի որ արձանագրված խախտումները չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա»: 


Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց Լևոն Զուրաբյանի ելույթը՝ նշելով, որ սա Ազգային Ժողովը չէ, և ժամանակը չէ քաղաքական հայտարարություններ անելու՝ խորհուրդ տալով Լևոն Զուրաբյանին՝ խոսել միայն ներկայացված հայցապահանջի մասին` ներկայացնելով դաշինքի ունեցած փաստերը: 

 

Ելույթը շարունակելով, Լևոն Զուրաբյանը շարունակեց  պնդել,  որ ընտըրություններն անցել են համատարած հարկադիր քվեարկության և ընտրակաշառքների միջոցով. «Իշխանությունները օգտագործել են բանակը, ոստիկանությունը, պետական մյուս լծակները՝ հասարակությանը պարտադրելով գնալ հարկադիր ընտրությունների: Իշխանությունները դիմել են նաև համատարած արատավոր մի երևույթի՝ ընտրակաշառքների, որոնք շատ դեպքերում գերազանցել են սահմանված նիշը՝ 10 000 դրամը»: