Արդեն հայտնի է, որ առաջիկայում կայանալու է Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով եռակողմ հանդիպում, որի կոնկրետ ժամկետների մասին, սակայն, դեռևս ոչինչ հայտնի չէ: Չնայած ոմանք պնդում էին, թե հանդիպումը կայանալու է ապրիլի 27-ին, սակայն դեռևս վաղ է հստակ ժամկետներ մատնանշելու համար. համենայն դեպս հայկական կողմն, ի դեմս նախարար Նալբանդյանի, չի շտապում այդ հարցում:

Ինչ խոսք, առաջիկա հանդիպումը հետաքրքրական է ոչ այնքան ժամկետների առումով, որքան այն, թե ինչ կարող է այն տալ հակամարտության կարգավորմանն ընդհանրապես: Նախ` միանգամից պետք է նշել, որ առաջիկա հանդիպումն ընդամենը միջանկյալ մի փուլի շարունակություն է, որի նպատակն է լինելու տարածաշրջանում գոնե միառժամանակ խաղաղության պահպանումը. Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն կրկին սրել է իր հռետորաբանությունը (Հասանովի վերջին հայտարարությունները ոչ մի կերպ դիվանագիտական նրբերանգներով հարուստ չես համարի), այլև կոնկրետ գործողությունների է դիմում. ապրիլի 24-ին Թուրքիայի մասնակցությամբ անցկացված զորավարժությունները ոչ միայն տհաճ ուղերձ են Հայաստանին, այլև Մոսկվային, որն արտաքին ուժերից, գոնե այս փուլում, ամենաշատն է շահագրգռված Անդրկովկասում խաղաղության պահպանման հարցում: Ի դեպ` ավելորդ չէ նշել, որ Բաքվի ազդանշանները լավ են հասկանում նաև Կրեմլում, ուր, դատելով որոշ իրողություններից, այնքան էլ ոգևորված չեն Ալիևի պահվածքով ու կոնկրետ մեսիջներ են փորձում հղել:

Մասնավորապես` ՌԴ ԱԳՆ-ն բավական կոպիտ պատասխան է տվել ադրբեջանական haqqin.az կայքում ապրիլի 16-ին Էյնուլա Ֆաթուլաևի հեղինակած հոդվածին, ուր haqqin.az-ի գլխավոր խմբագիրը մեղադրել էր ՌԴ-ին կողմնակալության մեջ`կապված դիվերսանտ Ասկերովի հետ. իբր ի տարբերություն վերջինիս, ով ևս ՌԴ քաղաքացի է, Մոսկվան շատ ավելի բարեհաճորեն է վերաբերվում Լապշինին: Սրան ի պատասխան ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և լրատվության դեպարտամենտի փոխտնօրեն Ա.Կոժինը բավական ոչ դիվանագիտական և կոպիտ պատասխանով էր հանդես եկել: Պակաս ուշագրավ չէ նաև Լավրովի վերջին ակնարկն այն մասին, որ այժմ աշխարհում շատ ավելի անկանխատեսելի իրավիճակ է տիրում, ու ի տարբերություն անցյալի, այժմ աշխարհաքաղաքական մրցակցության մեջ գտնվող գերտերությունները չեն զլանում հակառակորդի սահմանների մոտ հակամարտություններ հրահրելուց, ինչն անկասկած, վերաբերում է նաև Անդրկովկասյան տարածաշրջանին:

Հաշվի առնելով այս իրողությունները, կարող ենք հաստատապես պնդել, որ առաջիկա եռակողմ հանդիպումը միտված է լինելու ստատուս-քվոյի ամրապնդմանը: Սակայն բոլորի համար պետք է պարզ լինի մեկ բան, որ ստատուս-քվոն չի կարող հավերժ ձգվել, ու հեռու չէ այն ժամանակը, երբ Մոսկվան ինքը առաջ կքաշի տարածքների խնդիրը: Այստեղ միայն հարցն այն է, թե որքանով կարող է Ռուսաստանը` նման խնդիր առաջ քաշելով` ստեղծված իրավիճակը հօգուտ իրեն ծառայեցնել: Բանն այն է, որ Արևմուտքը ևս հիմար չէ ու շատ լավ հասկանում է, թե ինչն է իրականում Կրեմլի նպատակը. Մոսկվան, ըստ էության, փորձում է արցախյան համակարտությունը կիպրական խնդրի օրինակով անորոշ ժամանակով սառեցնել, ինչին էլ հենց ծառայեցվելու են հայկական կողմի առաջիկա զիջումները: Սակայն հարցն այստեղ այն է, թե կհաջողվի՞ արդյոք Մոսկվային քչով բավարարել Ալիևի ախորժակը, թե ոչ, քանի որ կարող է գալ մի պահ, երբ Ալիևը մաքսիմալիստական նկրտումներ ցուցաբերի ու պահանջի բոլորը միասին ու միագամից, ինչին, բնականաբար Մոսկվան չի կարող գնալ. Անկասկած, Արևմուտքը չի կարող հանդուրժել ռուսական խաղաղապահների ներկայություն ազատագրված տարածքներում, քանի որ շատ լավ հասկանում է, թե ինչ է դա նշանակելու, հետևաբար' անելու է ամեն բան`խոչընդոտներ հարուցելու Ռուսաստանի առաջ:

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն առաջիկայում, ցույց կտա ժամանակը, բայց որ գոնե առայժմ տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանումը միակ լուծումն է, անհերքելի է. պահը դեռևս չի հասունացել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ