«Մեր նպատակն է ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ կատարված ընտրակեղծարարության ծավալը ցույց տալ միջազգային հանրությանը: Մենք շատ լավ գիտենք՝ ինչ տեսակի Սահմանադրական դատարանի հետ գործ ունենք, և, հետևաբար, մեր ներկայացրած փաստարկները սպառելու ենք հայաստանյան բոլոր ատյաններում, որից հետո կդիմենք ՄԻԵԴ»,-այս մասին այսօր Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքից դատարանում ներկայացած Լևոն Զուրաբյանը: 

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի այս  քայլն իրենց պարտականությունն էր, քանի որ չէին կարող ժողովրդից թաքցնել այն, ինչ կատարվել է ապրիլի երկուսին և դրան նախորդող և հաջորդող օրերին:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ծավալների առումով, այս անգամ իշխանություններն աննախադեպ ընտրակեղծարարությունների են դիմել՝ դրանց համար կիրառելով նոր մեթոդներ:

ՀԱԿ պատգամավորի համոզմամբ, քանի որ ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկները նրանց թույլ չէին տալիս իրենց փորձված տարբերակներով ձայներ կորզել, ուստի իշխող ուժը ստիպված է եղել հարկադրաբար ժողովրդին բերել ընտրատեղամաս և գործի դնել ստորացումների մեխանիզմները, ինչպիսին եղավ ՍԱՍ-ի Արտակի պարագայում և, հետևաբար, այս ընտրակեղծարարությունների փաստերով էլ դաշինքը կդիմի ՄԻԵԴ: 

Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նաև ԵԼՔ դաշինքից ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանի դիտարկմանն այն մասին, որ ընտրակաշառքն արդարացում չէ, քանի որ վերջիվերջո քաղաքացին կարող էր գնալ և իր խղճի մտոք քվերակել, ինչպես արեցին ԵԼՔ դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիները.  «Պետք է ասեմ որոշ պրոֆեսորների, որ նման բան ասողը լեգիտիմացնում է այն ահաբեկումների համակարգը, որը կա մեր երկրում: Եթե նման բան են ասում իբրև իշխանությունների հետ կապ չունեցող մարդիկ, դրանով նրանք ծառայություն են մատուցում հենց նույն իշխանություններին»:

Աղավնի Սուքիասյան