Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ով Հայաստանում հանդես է եկել ներդրումային արդիական մի շարք նախագծերով, ապրիլի 24-ին դրանցից մեկի՝ «Ավրորա» մրցանակաբաշխության առիթով լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաեւ քաղաքական իր հնարավոր ծրագրերին, ասելով, որ Հայաստանին օգնելու համար ամենեւին կարեւոր չէ լինել քաղաքականության մեջ, կառավարությունում պաշտոն ստանձնել:

 

Ինչ խոսք, այս հարցում Վարդանյանի հետ չես վիճի, առավել ևս մեր երկրում գործարարությունը և քաղաքականությունը ոչ թե միմյանց լրացնող, այլ խոչընդոտող զբաղմունքներ են: Միևնույն ժամանակ դժվար է հավատալ, որ Ռուբեն Վարդանյանի նման խոշոր գործարարը, ով նաև հսկայական ներդրումներ է կատարում մեր երկրի տնտեսության մեջ կարող է անտարբեր գտնվել քաղաքական գործընթացների հանդեպ: Իհարկե, դա չի ենթադրում ամբողջությամբ ներգրավված լինել քաղաքական որոշումների ընդունման գործընթացում, կամ ունենալ նախարարական պորտֆել՝ կան ներգրավվածության նաև այլ ֆերմատներ:


Ռուբեն Վարդանյանը բավական հստակ արտահայտել է իր հետաքրքրվածությունը մեր ներքաղաքական գործընթացներով, դեռեւս նախորդ տարի աշնանը, երբ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն եւ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Այն ժամանակ Վարդանյանը նշեց, որ երկրորդ շանս այլևս չի լինելու: Դա ենթադրում էր, որ Վարդանյանը լուրջ համակարգային փոփոխությունների կարիք է տեսնում և այդ փոփոխությունների հույսը կապում հենց Կարեն Կարապետյանի հետ: Այդ հայտարարությունը նաև շեշտադրում էր, որ փոփոխությունների համար գրավական պետք է հանդիսանան հանրության կողմից վարչապետին տրված վստահության քվեն և ժողովրդի սպասումները արդարացնելու՝ Կարապետյանի պատրաստակամությունը և կամքը: Ստացվում է Վարդանյանը մի կողմից իր աջակցությունը հայտնեց վարչապետին, մյուս կողմից` նրան լրջագույն պատասխանատվության տակ դրեց:


Այսօր արդեն գործարարը հայտարարում է, որ քաղաքականության մեջ լրջորեն մտնելու մոտիվացիա և նպատակ չի տեսնում: Չի՞ նշանակում սա արդյոք, որ Վարդանյանը պարզապես ցանկանում է հեռավորություն պահպանել ուրվագծված քաղաքական իրականությունից, իսկ դրա գլխավոր պատճառը թերևս պարզ է՝ Կարեն Կարապետյանի արդյունավետությունը որևէ լավատեսություն չի ներշնչում նաև Ռուբեն Վարդանյանին և նա չի ցանկանում կիսել վերջին շանսի տապալման պատասխանատվությունը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ