ՍԱՍ-ի Արտակի անվան հետ կապված հայտնի ձայնագրության գործը, որ, պետք է նկատել, բավական աղմկահարույց ստացվեց, մեկ բանի մասին էր խոսում ու փաստում. ընտրություններին լայնորեն կիրառվել է վարչաֆինանսական ռեսուրսը հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմից, ինչը՝ պետք է, անշո՛ւշտ, դատապարտելի համարվեր:


Հարց է առաջանում, սակայն, համարվե՞ց այդպիսին սույն երևույթը, թե՞ դեռ մի բան էլ գովեստի արժանացան նրանք, ովքեր իրենց շեֆերի խոսքը գետնով չէին տվել ու կարողացել էին զանազան զարտուղի ճանապարհներով ձայներ ապահովել: Դատելով, օրինակ, «ՍԱՍ գրուպ» ընկերության նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրության հերոսներից մեկի հետ տեղի ունեցածից՝ պետք է ասենք, որ ոչ միայն ոչ մի կերպ չեն դատափետվել նրանք, ովքեր, ըստ էության, հակաօրինական գործողությունների են դիմել, այլև մի բան էլ պարգևատրվել են. «ՍԱՍ գրուպ» ընկերության կոմերցիոն տնօրեն, 37-ամյա Էդգար Ավետիսյանն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում:


Սա, ըստ էության, հստակ վկայությունն է այն բանի, որ այսօր ոչ ոք հասարակական կարծիքի հետ հաշվի չի նստում: Մարդիկ բացարձակապես թքած ունեն իրենց համար վաղուց խաժամուժ դարձած ժողովրդի վրա ու անում են այն, ինչ հարմար են գտնում. պետք է՝ պարգևատրում են, պետք չէ՝ հակառակն են անում՝ առանց հաշվի նստելու նույն հասարակկան կարծիքի հետ: Ավելին՝ անկասկած է, որ նմանները շատ ավելի գնահատելի են կուսակցության համար, քան՝ ասենք՝ ինչ-որ ինտելիգենտ, որը շատերի համար ոչնչով չի տարբերվում քայլող քվեաթերթիկից: Ինչևիցե, սա է այսօրվա մեր իրականությունն: Ուզենք մենք դա, թե չուզենք, ու ոչ ոք ի զորու չէ այն փոխել:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ