100 հազար դոլար մրցանակ «Ավրորայի» հերոսին, և, ուշադրությո՛ւն՝ 1 միլիոն դոլար դրամաշնորհ էլ՝ մարդասիրական նախաձեռնությունները շարունակելու համար: 

 

Հայաստանի նման աղքատ երկրում, պարզվում է, կարելի այսպիսի ճոխություն թույլ տալ: Գանք սկզբից: 2015 թվականին 3 հայերի՝ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի կողմից ստեղծվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը 8 տարի՝ մինչև 2023 թվականը կազմակերպելու է «Ավրորա» մրցանակաբաշխությունը: 8 տարին իր խորհուրդն ունի: Արվում է ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ: 

 

Նախորդ տարի մրցանակակիր դարձավ Մարգաիրտա Բարանկիձեն, այս տարի մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու մայիսի 28-ին: Արդեն իսկ հայտնի են «Ավրորայի» հերոսի հավակնորդները: 

 

Իհարկե, արդարության դեմ չմեղանչելով, փաստենք, որ նրանք անգնահատելի աշխատանք են կատարում: Աշխարհին սովորեցնում են ճանաչել ցեղասպանությունները, դատապարտել և կանխարգելել: Նախաձեռնությունը շատ կարևոր է մեզ նման ցեղասպանություն տեսած երկրի համար և այդ ոճրագործության դեմ պայքարի համար: Դա քննարկման ենթակա չէ: Խնդիրն այլ է:

 

Ամեն տարի 1 միլիոն 100 հազար դոլար գումար նվիրաբերել մի երկրի անունից, որտեղ բնակչության 35 տոկոսն աղքատ է, որտեղ գործազրկությունն ահռելի է, իսկ արտագաղթը՝ տեսանելի բոլորին, որտեղ բոլոր ոլորտներում կան թերացումներ, տնտեսությունից մինչև արդարադատություն, և որն, ի դեպ՝ պատերազմի մեջ է հարևան Ադրբեջանի հետ: Պատերազմի մեջ և աղքատ լինելով հանդերձ, կարողանում ենք այսպիսի մրցանակաբաշխություն կազմակերպել:  

 

Իսկ ինչ կարելի էր անել այդ գումարով, որպեսզի ցեղասպանություն տեսած երկիրն ավելի զարգանար ու հզորանար: Քանի դեռ Հայաստանը նման պայմաններում է, նման մրցանակաբաշխությունը, կներեք, բայց ճոխություն է: Մարդիկ Հայաստանում մահանում են, որովհետև բուժվելու գումար չունեն: Հայաստանից հեռանում են, որովհետև ապրելու պայման չունեն: Հեռանում են, որովհետև բանկերը վերցրել են նրանց գրավադրած տները: Երևի համակարծիք կլինեք, որ Հայաստանը բոլորից շատ ունի «Ավրորայի հերոսի» կարիքը: Գոտիները ձգելու, կոպեկ-կոպեկ հավաքելու և երկիրը շենցնելու փոխարեն՝ մտածում ենք, թե ինչպես օգնենք աշխարհում կարիքավոր հազարավոր մանուկներին: Իսկ մեր որբերի՞ն, նրա՞նց ինչպես օգնենք: 

 

Այս ամենը՝ այն դեպքում, երբ եվրոպական երկրները, արևմտյան մի շարք կազմակերպություններ՝ իրենք են տրամադրում դրամաշնորհներ Հայաստանին՝ զարգանալու համար: 

 

Ընդհանուր առմամբ, «Ավրորան» 8 տարիների ընթացքում, նվիրաբերելու է 8 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար: Սա միայն նվիրաբերությունը: 

 

Այստեղ տեղին է հիշել հին հայկական ասացվածքը. «Փլավ չունենք ուտելու, ո՞ւր ենք գնում ձիով»:

 

Արսեն Սանամյան