Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հետաքրքիր տվյալներ է հրապարակել 2016 թվականի ընթացքում աշխարհում կատարված ռազմական ծախսերի մասին:

 

Ի թիվս այլ երկրների՝ նշվում է նաև Հայաստանում և Ադրբեջանում սպառազինությանը հատկացված ծախսերի մասին: Ըստ այդմ, Հայաստանը 2016-ին, նախորդ տարվա համեմատ, ավելի շատ գումար է հատկացրել ռազմական ծախսերի համար, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը՝ 36 տոկոսով կրճատել է իր ռազմական բյուջեն:Եվ այսպես, եթե Հայաստանի ռազմական բյուջեն 2015-ին կազմում էր մոտ 417 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2016-ին ռազմական բյուջեն կազմել է մոտ 431 միլիոն ԱՄՆ դոլար: Նավթ արդյունահանող Ադրբեջանի Հանրապետությունը, SIPRI-ի տվյալներով, 2016-ին ռազմական ծախսերին հատկացրել է մոտ 1․ 379 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 36 տոկոսով պակաս է 2015-ի ծախսերից:

 

Անշուշտ, Բաքվի՝ նման քաղաքականությունը ունի տնտեսական պատճառներ: Դրանք ակնհայտ են: Սակայն նույնքան ակնհայտ են ռազմական ծախսերի կրճատման քաղաքական գործոնները: Խոսքը Ադրբեջանի կողմից իրենց քարոզչական թեզերի փոփոխման մասին է՝ կապված արցախյան հակամարտության հետ: Նախկինում Բաքվի կրտսեր սուլթանի պարծանքի միակ առիթն այն էր, որ ազերիների ռազմական բյուջեն ավելին է քան մեր պետական բյուջեն, դա ենթադրում էր Ալիևի վստահությունը՝ եթե հարկավոր լինի, իրենք շատ արագ արցախյան հարցը կլուծեն ռազմական ճանապարհով, գործի դնելով սեփական փառապանծ բանակը: Ադրբեջանական հասարակությունը սեփական զինված ուժերի «փառապանծ» լինելու փաստը լուրջ կասկածի տակ առավ ապրիլյան իրադարձություններից հետո, երբ մեր պետական բյուջեի չափ ռազմական բյուջե ունեցող երկրի զինվորը մի կերպ էր փախչում ռազմի դաշտից , և երբ իրենց միլլիոներ արժեցող անօդաչու սարքերը մետաղի ջարդոնի էր վերածում հասարակ հովիվը՝ հասարակ հրացանով: Գուցե այստեղ էր, որ կրտսեր սուլթանը հասկացավ՝ կիսասոված ապրող սեփական հասարակությունը պահանջում է հաց և ոչ թե զենք: Ադրբեջանի քաղաքական գործոնները այլևս չեն աշխատում և ազերիները խելք-խելքի տալով, հաշվի առնելով իրենց տնտեսության ողբալի վիճակը՝ անիմաստ են համարում ուժերի գերլարումով ուռճացնել իրենց բյուջեն:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ