Երկու տարի առաջ, երբ տեղի էր ունեում ՀԷՑ-ի վաճառքը և այն ռուսական ԻՆՏԵՐ-ՌԱՕ ընկերությունից անցնելու էր Տաշիր ընկրությանը, բոլոր մակարդակներում ակտիվ քարոզչություն էր տարվում էլցանցերում ստեղծված անմխիթար վիճակի մասին: Բանն անգամ հասել էր նրան, որ հայտարարվում էր, թե Հայաստանում կարող են սկսվել հովհարային անջատումներ, իսկ գնորդ գտնելը դարձել է կյանքի ու մահվան հարց: Տեղեկություններ էին տարածվում, թե ՀՀ իշխանությունները խնդրում և համոզում են Սամվել Կարապետյանին՝ գնել ՀԷՑ-ը և «փրկել» Հայաստանի էներգետիկ համակարգը:

 

Կյանքը հետագայում ցույց տվեց, որ էներգետիկ բիզնեսը Հյաստանում առավել քան շահութաբեր է և պատահական չէ, որ որոշ շրջանակների կողմից շահարկվեց՝ Սամվել Կարապետյանի երկու տարվա ընթացքում ստացած բավական լուրջ շահույթը և այն փաստը, որ այդ գումարները դուրս են բերվել Հայաստանից: Սամվել Կարապետյանի կողմից գնվելուց հետո ՀԷՑ-ը 110 միլիոն դոլարի մաքուր եկամուտ է ապահովել՝ մոտ 80 միլիոն պարտք վճարելուց հետո։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. շահույթը կազմել է 23,3 մլրդ դրամ: Այն ամբողջությամբ, ինչպես նախատեսված էր, ուղղվել է Ընկերության ժամկետանց և վարկային պարտավորությունների մարմանը: Արդյունքում՝ արդեն իսկ մարվել է ՀԷՑ-ի պարտքի 30 տոկոսը:


Անշուշտ, Սամվել Կարապետյան գործարարի համար ՀԷՑ-ի գնման պարագայում առաջնայինը բիզնես գործոնն էր, ինչը ենթադրում է, որ նա իր ներդրումների դիմաց ակնկալում էր լուրջ շահույթ ստանալ, հատկապես, որ էներգետիկ բնագավառը մեր երկրի ամենաշահութաբեր սեկտորն է համարվում: Այլ հարց է, որ երկրի զարգացման տեսլականը հուշում է՝ առավել նպատակահարմար էր այդ գումարները պահել Հայաստանում և ներդնել տնտեսության զանազան ճյուղերի զարգացման մեջ, քանի որ՝ միայն էներգետիկ ոլորտի զարգացումը տնտեսական ցուցանիշների ակտիվացման չի հանգեցնի: Ինքը՝ Կարապետյանը հանդիսանում է Ներդրողների ակումբի կարկառուն ներկայացուցիչը, ըստ այդմ՝ պետք է որ շահագրգռված լինի գումարները մեր տնտեսություն բերելու և այնտեղ շրջանառության մեջ դնելու, այլ ոչ թե հակառակ պրոցեսի մեջ: ՀԷՑ-ի գնումը Տաշիր Գրուպ-ի կողմից՝ ամբողջությամբ տեղավորվում է բիզնես գործելաոճի տրամաբանության շրջանակներում և լոկալ բիզնես շահերի սպասարկում է ենթադրում:

 

Միևնույն ժամանակ, արդարության դեմ չմեղանչելու համար, հարկ է նշել՝ ՀԷՑ-ի գնումը Սամվել Կարապետյանի կողմից՝ մեծապես կայունացրել է մեր երկրի էներգետիկ ոլորտը: Մասնավորապես՝ շեշտակիորեն նվազել են ՀԷՑ-ի կորուստները, իսկ շահույթը գերազանցել է տարեկան պլանը: Բացի այս, Սամվել Կարապետյանը նաև 20 միլլիոն դոլարի ներդրում է կատարել ՀՀ-ում բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրություն հիմնելու նպատակով, և այդ ծրագիրն արդեն բարեհաջող կերպով իրականություն է դարձել:  Մեր հասարակությունը կամ գոնե նրա գերակշիռ մեծամասնությունը շատ լավ տեղյակ է թե՛ Սամվել Կարապետյանի ու Կարապետյանների ընտանիքի, և թե՛ այլոց արած գործերից ու ադեկվատ գնահատելու ունակությամբ է օժտված:

 

Ստելլա Խաչատրյան