Թուրքական լոլիկի ու ադրբեջանական խնձորի վերաբերյալ բուռն քննարկումներն ու ուսումնասիրությունները չդադարած, հիմա էլ պարզվում է՝ շուկաներում առկա է նաև թուրքական ցոգոլ:

 

Այս մասին այսօր հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

 

Արդեն սովորական է դարձել հանրության համար, որ բյուջեից սնվող պետական հիմնարկը, որն իբրև թե ունի համապատասխան մասնագետներ և իբրև թե համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում շուկայում, պարապուրդի է մատնված, իսկ շուկայի վերահսկման գործառույթն, այսպես ասած, իրենց ձեռքն են վերցրել ՀԿ-ների ներկայացուցիչները, սննդաբանները և հանրությունը, ամեն անգամ մի նոր խնդրի մասին ՍԱՊԾ-ին իրազեկելով:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք ուսումնասիրություններ իրականացնում են շուկայում:

 

Նա նշեց՝ ՍԱՊԾ-ում ցոգոլի հետ կապված ուսումնասիրություն անում են. «Փորձել ենք հստակեցնել տեղը, որպեսզի ահազանգ գրանցենք, կապվել ենք այն անձի հետ, ով հայտնաբերել է շուկայում ցոգոլի առկայությունը»:

 

Փաստորեն, ՍԱՊԾ-ում շուկաներում իրացվող ապրանքների մասին տեղեկանում են միայն ահազանգերից հետո: Թե ինչո՞վ է զբաղվում այս կառույցը՝ պարզ չէ, զանգահարելու դեպքում մշտապես ասում են՝ ուսումնասիրում են, ուսումնասիրում են և էլի ուսումնասիրում են, թե երբ արդյունքները պարզ կդառնան՝ դեռևս պարզ չէ, հստակ է մի բան. մինչ ՍԱՊԾ-ն ուսումնասիրում է` շուկայում վխտում է ադրբեջանական ապրանքը:

 

Սոնա Հարությունյան